Այսօրվանից Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում մեկնարկել են «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի դասերը: Բեժանոյում «Արմաթ» է հաճախում շուրջ 70 երեխա:

«Այսուհետ Բեժանոյում ևս պատանիները հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ ռոբոտաշինությանը, ծրագրավորմանը, խաղերի ու անիմացիայի ստեղծմանը»,- տեղեկանում ենք «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Երեխաներին կսովորեցնեն ՏՏ, ժամանակակից ճարտարագիտություն և ռոբոտաշինություն: Ամբողջ Սամցխե-Ջավախքում արդեն գործում է 8 լաբորատորիա: Առաջին լաբորատորիան բացվել է Ախալքալաքում 2018-ին, հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում, «ԱրՄաթ»-ը գործում է նաև Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալա գյուղում, կան նաև լաբորատորիաներ Ախալցիխեում և Ծղալթբիլա գյուղում:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Բեժանոյում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սերգեյ Վանցյանի աջակցությամբ։