Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) գրանցվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք։ Չնայած վարակման մակարդակն այսօր նվազել է, սակայն իրավիճակը շրջանում շարունակում է մնալ ծանր։
Ախալքալաքի ՀԱԿ-ն այսօր անցկացրել է կորոնավիրուսի 362 թեստ, որից 350-ը՝ հակագենի, 12-ը՝ ՊՇՌ մեթոդով։ Այս թեստերի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 13 դեպք։
Ըստ ՀԱԿ-ի տվյալների, թեստավորվածների մեծ մասը Ախալքալաքի և Վաչիան գյուղի դպրոցների աշակերտներն էին, ովքեր ցանկանում էին համոզվել, կորոնավիրուսով են վարակված, թե ունեն սեզոնային գրիպ։
Նշենք, որ այսօրվա տվյալներով, Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր դպրոցներն աշխատում են սովորական ռեժիմով։ Այսօր կարանտինից դուրս եկած վերջին դպրոցը Տուրցխ գյուղի դպրոցն է։ Դպրոցի բոլոր ուսուցիչներն այսօր Հանրային առողջության կենտրոնում հանձնել են կորոնավիրուսի թեստ։ Պատասխանները կլինեն վաղը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում տարբեր ժամանակներում կարանտինային ռեժիմում են եղել 9 հանրային դպրոց։ Չնայած այն հանգամանքին, որ դպրոցները կարանտինից դուրս են եկել, հաճախելիությունը նրանցում շատ ցածր է.
Բացակայության պատճառը աշակերտների տարբեր հիվանդություններն են, սակայն կա կասկած, որ ծնողները պարզապես չեն թողնում իրենց երեխաներին դպրոց հաճախել, վախենալով, որ վերջիններս կվարակվեն։ Այս կապակցությամբ, Սիրանուշ Տոնականյանի խոսքով, ինքը բոլոր տնօրեններին հանձնարարել է ճշտել, թե բացակայող աշակերտներից քանիսն են իսկապես վարակված կորոնավիրուսով, իսկ քանիսը չեն հաճախում դպրոց այլ պատճառներից ելնելով։
Չնայած այն հանգամանքին, որ այսօր շրջանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը նվազել է, բժիշկները կարծում են, որ իրավիճակը մունիցիպալիտետում շարունակում է մնալ ծանր։
Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահի դրությամբ կարանտինում է գտնվում 532 մարդ։