Այս տարի Ախալքալաքում բերքահավաքը դադարներով է ընթանում, պատճառը ցուրտ և անձրևային եղանակն է, որը խանգարում է մարդկանց աշխատել բնականոն հունով:
Մեկ ամիս է արդեն Ախալքալաքում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը, բայց երկարատև անձրևները մարդկանց խանգարեցին և խանգարում են ժամանակին հավաքել բերքը:
Կարծախ գյուղում սպասում են եղանակի բարելավվելուն, որպեսզի կարողանան լիարժեք սկսել աշխատանքը:
Գյուղացիներից Միշա Աբաջյանն ասում է. «Գյուղում կարող եմ ասել, որ բերքի համարյա թե կես մասն արդեն դուրս է բերվել հողից, մի քանի օր առաջ անձրև էր տեղացել, սակայն գյուղացիները փորձում են այդ պայմաններում ևս աշխատել, ինչ վերաբերում է իրացմանը, ապա մեր գյուղ գալիս են բեռնատարներ, կարտոֆիլի գինը տատանվում է 80 թեթրիից մինչև 1 լարիի սահմաններում»:
Ատոմ Հողմրցյանը երկու հեկտար կարտոֆիլ է քանդել: Նա ասում է, որ ամբողջ բերքն ընտանիքի անդամներով են հավաքել, վախեցել են, որ եղանակը կցրտի:
«Եղանակային պայմանները լավ չեն, բայց գյուղում աշխատանքը փորձում են շարունակել, անձամբ ես մշակում եմ 2 հա հողատարածք և վերջացրել եմ, այդ ամբողջ աշխատանքը կատարել ենք ընտանիքիս անդամների հետ, բանվորներ չեմ ունեցել, որովհետև այդ ժամանակ հնարավոր չէր գտնել աշխատուժ, իսկ ովքեր աշխատում էին գինը 45-ից 50 լարի էր: Բայց մի քանի օր առաջ ինձ զանգահարեցին և առաջարկեցին 80 լարիով գալ և աշխատել»,- ասում է նա:
Եղանակն իր ազդեցությունն է թողել նաև աշխատանքի թանկացման վրա, քանի որ անձրևներից հետո վախ կա, որ չեն հասցնի բերքահավաքն ավարտել, իսկ ցրտաշունչ ձմեռն արդեն իրենց դուռն է թակում: Արդյունքում վարձու աշխատողները կտրուկ թանկացրել են իրենց աշխատանքի գինը:
«Ես մինչև անձրևների սկսվելը վարձատրել եմ 45-ից 50 լարիի սահմաններում, վատ եղանակի պատճառով աշխատանքը այսպես ասաց հետ է ընկել, իսկ հիմա օրավարձով աշխատողները պահանջում են բարձր գին՝ 70-ից մինչև 80 լարի: Չեմ կարող բերքը հողի տակ թողնել: Ճիշտ է, այս տարի համեմատաբար կարտոֆիլը ավելի բարձր գին ունի, բայց ամեն ինչ է թանկացել անցած տարվա համեմատ, իսկ բանվորները ինչքան բարձրացնեն գինը մենք ստիպված ենք համաձայնել»,- ասում է Գառնուկ Վարդերեսյանը:
Արդեն երեք օր է Ախալքալաքում կրկին եղանակն անձրևային է, բայց գյուղացիները շարունակում են այս պայմաններում կարտոֆիլի բերքահավաքը, որպեսզի հասցնեն մինչև ձյան տեղալը բերքը տուն տանել:
«Անձրևներից հետո բարդացավ և աշխատանքը, և բանվորներ գտնելը, ժամանակ չունենք սպասելու արևոտ եղանակի, դժվար է աշխատելը, թեկուզ այս ցրտին քանդում ենք կարտոֆիլը»,- ասում է Մելսիկ Ֆիդանյանը:
Գյուղացու առանց այն էլ բարդ աշխատանքը, որին մասնակցում են մեծից փոքրը, ավելի դժվարացավ վատ եղանակի պատճառով, միակ հույսը մնում է արևային եղանակը, որի ընթացքում շատերը հույս ունեն ավարտին հասցնել բերքահավաքը:
Լիդա Ալմասյան