Այսօր, ժամը 13:00-ի սահմաններում՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն այցելել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի բժշկական կենտրոն, որտեղ երկրորդ օրն անընդմեջ անցկացվում է «Պատվաստման մարաթոնը»: Այնուամենայնիվ, մարաթոնի վերջին երկու օրերի ընթացքում Դիլիսկայում ոչ ոք չի պատվաստվել COVID-19-ի դեմ:

Այսօր բուժկետում կատարվել է 80 արագ հակագենի թեստ։ Թեստեր հանձնողները շրջանի տարբեր գյուղերից ու քաղաքներից էին։

Գամկղրելիձեի բուժկետում գտնվելու ընթացքում ոչ ոք չի եկել պատվաստվելու COVID-19-ի դեմ։ Հարցին, թե ինչու այդպես ստացվեց, Ամիրան Գամկղրելիձեն պատասխանեց հետևյալ կերպ.

«Կարծում եմ՝ բուժկետի պայմանները համապատասխան չեն, պետք է կազմակերպել բնակիչների տեղափոխումը քաղաք, որպեսզի այնտեղ պատվաստվեն, մինչև այստեղ կբարեկարգվի»։

Մինչ Դիլիսկա ժամանելը՝ Ամիրան Գամղրելիձեն այցելել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղ, որտեղ պատվաստվել էր 5 մարդ։

Հիշեցնենք, որ NCDC-ն հոկտեմբերի 18-ից մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման մարաթոնը երկրի հեռավոր շրջաններում։ Ըստ ծրագրի՝ բժիշկների հատուկ շարժական խմբերը շրջում են գյուղերով, նպաստում պատվաստմանը և բոլոր ցանկացողներին պատվաստում են տեղում, այսինքն՝ գյուղի բուժկետերում։ Մարաթոնի շրջանակներում նախատեսվում է ընդհանուր առմամբ ընդգրկել 49 գյուղ։

Հոկտեմբերի 28-29-ը Սամցխե-Ջավախքի յուրաքանչյուր մունիցիպալիտետի մեկական գյուղում անցկացվող այս մարաթոնի շրջանակներում այցելում են NCDC-ի աշխատակիցները՝ կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի գլխավորությամբ։