Գումբուրդո գյուղի դպրոցում դաս չեն անում, այստեղ աշակերտներն ու ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը: Բնակիչները նրան մեղադրում են պաշտոնը չարաշահելու մեջ, իսկ տնօրենը չի ընդունում մեղադրանքները:
Առավոտյան Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնում թեժ քննարկում էր: Գումբուրդո գյուղի բնակիչները եկել էին ներկայացնելու իրենց դժգոհության պատճառը:
Jnews-ին թույլ չտրվեց ներկա գտնվել այդ քննարկմանը: Բնակիչների խոսքերով, տնօրենը տարբեր մարդկանց անուններով հավաքարարի դրույքներ է գրել, փոխարենը աշակերտներն են մաքրել դասասենյակները:
«Տնօրենը խոստովանում է, որ բենզինի ծախսերի համար է արել: Մեր պահանջն է, որ նա հեռանա տնօրենի պաշտոնից: 3 ակլատի փող գրպանն է դնում: Ավելի լավ է ամեն օր գա, ես իրեն 10 լարի բենզինի փող տամ, քան դպրոցի, աշակերտների համար նախատեսված գումարը վատնի», – ասաց աշակերտների ծնողներից մեկը:
Մեկ այլ բնակիչ էլ ավելացրեց. «Մեր դպրոցն ընտանեկան բիզնես են սարքել, ինչպես է կարելի նման բան անել ու անամոթաբար նայել մարդկանց աչքերին: Պարզվում է հավաքարարը դպրոցի դասատուներից է, մարդը փողկապով դասի է գնում գալիս: Ամոթ է ասել, բայց ինֆորմացիոն մենեջերը տնօրենի կինն է, ով նույնիսկ մեր դպրոցի աստիճանների տեղը չգիտի»,- ասաց մեկ այլ ծնող:
Ախալքալաքի Շրջանային Ժողովի պատգամավոր Աշոտ Սահարյանն ասում է. «Սա խայտառակություն է, մի ամիս առաջ խնդրեցինք, որ խելոք հեռանա տնօրենի պաշտոնից, վրացերեն գիտի, թող մնա դասատու աշխատի դպրոցը, բայց ինքը հրաժարվեց»:
Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել:
«Այս հարցով ես մեկնաբանություն չեմ անի, մինչև նախարարությունից չճշտեմ, որովհետև դեռ շուտ է ինֆորմացիա դուրս տալու համար»,- ասաց Թերեզա Չիվչյանը:
Jnews-ը Գումբուրդո գյուղ հասավ 11:30-ի սահմաններում, դպրոցում դաս չէր ընթանում, աշակերտների մի մասը բակում խաղում էր, իսկ մյուս մասն էլ համագյուղացիների հետ տնօրենի սենյակում էին և պահանջում էին վերջինիս հրաժարականը:
Գյուղացիները իրար հերթ չտալով տարբեր մեղադրանքներ էին հնչեցնում տնօրենի աշխատասենյակում և առաջարկում էին հեռանալ պաշտոնից: Այդ ընթացքում դպրոցի բակում խաղացող երեխաները գոռում էին՝ «Արմեն, հեռացիր, Արմեն, հեռացիր»:
Արմեն Պոլորչյանն արդեն 3-րդ տարին է զբաղեցնում է Գումբուրդո գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնը: Մեզ հետ զրույցում նա հերքեց բոլոր մեղադրանքները:
«Սուտ է, ես փաստաթուղթ ունեմ, աշխատողների համար էլ, ով որ աշխատել է, ում համար որ խոսում են, նրանք վարձատրվում են իրենց աշխատանքի դիմաց»:
Մեր այն դիտարկմանը, որ 3 հավաքարար ունենալու դեպքում ինչու են աշակերտները մաքրում դասասենյակները, տնօրենը նշեց. «Որովհետև շենքը շատ մեծ է, նորից հավաքարարի կարիք է զգում դպրոցը, ես ներկայացրել եմ, պահանջել եմ, որ նոր աշխատող ընդունենք: Ճիշտ է կինս ինֆորմացիոն մենեջեր է, հաճախակի չի եկել դպրոց, բայց եկել է: Ես չեմ ընդունում իրենց մեղադրանքները: Չեմ հեռանա, որովհետև ես աշխատում եմ ու ճիշտ եմ աշխատում»,- պարզաբանեց Արմեն Պոլորչյանը:
Այսօրվա դրությամբ գյուղի դպրոց է հաճախում 310 աշակերտ: 30-ն առաջին դասարանցի են: Աշակերտների ծնողները դժգոհում են, որ իրենց դպրոցում կրթական մակարդակը ցածր է: Ավարտականների մեծ մասը ավարտական վկայական չի ստացել:
«Դա այդպես չէ, կրթական մակարդակը ցածր չէ, աշակերտ կա մեկ առարկայից է կտրվել, դա չի նշանակում, որ կրթական մակարդակը ցածր է, 8 առարկայից, եթե մեկը կտրվում է: 26 ավարտական ենք ունեցել, ու ատեստատ չեն ստացել մոտավորապես 19 աշակերտ»,- նշեց դպրոցի տնօրեն Արմեն Պոլորչյանը:
Կշարունակվի դասապրոցեսը Գումբուրդո գյուղում, թե՝ ոչ: Իրադարձություններն ի՞նչ ընթացք կունենան, Jnews-ը հետևողականորեն կներկայացնի:
Աղունիկ Այվազյան