Այսօր Ախալքալաքում առատ ձյուն է տեղացել, գյուղական ճանապարհները հիմնականում դժվարանցանելի են, ամբողջությամբ փակ են միայն մի քանի ճանապարհ:

Այս պահի դրությամբ, ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանի, իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ դեպի Ղադոլար գյուղ տանող ճանապարհը փակ է: Ինչպես նաև Կարտիկամ գյուղից հայտնեցին, որ դժվարանցանելի է Ախալքալաքից Բավրա գյուղ տանող ճանապարհը: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, նրանք արդեն արձագանքել են այս տեղեկատվությանը:

Ճանապարհների փակման մասին այլ գյուղերից տեղեկություններ չկան: Հեռավոր գյուղերում ձնաբուք է: Ձնառատ եղանակը, ըստ օդերևութաբանների, կշարունակվի ևս 3 օր: