Կանադան Ուկրաինա է ուղարկել հատուկ գործողությունների ռազմական ուժերի ոչ մեծ զորակազմ, – այդ մասին տեղեկատվություն է տարածում Global News-ը։

Վկայակոչելով սեփական աղբյուրները՝ պարբերականը հայտնում է, որ այդ որոշումը ռուսական ագրեսիան զսպելու և Ուկրաինայի կառավարությանն օգնության ուղիներ գտնելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների ջանքերի մի մասն է:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ խմբին նաեւ հանձնարարվել է օգնություն ցուցաբերել Կանադայի դիվանագիտական անձնակազմի տարհանման պլանի մշակմանը՝ Ռուսաստանի կողմից լայնածավալ ներխուժման դեպքում:

Կանադայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ չի կարող հաստատել տեղեկությունը, սակայն նշել է, որ 2020 թվականից իրենք պարբերաբար օգնություն են ցուցաբերում Ուկրաինայի անվտանգության ուժերին:

Հատկանշական է, որ կիրակի Ուկրաինա է ժամանել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: Այցի նպատակն է քննարկել Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունները» զսպելու փորձերը։ Երեկ նա հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ: