Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին միանալ ավիացիոն ասպարեզում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին և զերծ մնալ այդ երկրի հետ ուղիղ չվերթների վերսկսումից։ Վրացական Netgazeti պարբերականի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնման շուրջ ընթացող բանավեճի մասին: Մենք կոչ ենք անում Վրաստանին միանալ այս ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին», – հայտարարել է ԵՄ պաշտոնյան:
Հավելելով, որ դիտարկվում է Ռուսաստանի դեմ ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցների շրջանցմանը մասնակցող կամ դրան նպաստող պետությունների դեմ սանկցիաներ կիրառելու հնարավորությունը։
Երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերսկսման հնարավորության մասին օրերս հայտարարել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումները դադարեցվել են 2019-ի ամռանը՝ Մոսկվայի նախաձեռնությամբ։
Կարդացեք նաև՝
Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը կվերականգնվի
ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգված է Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթների հնարավոր վերականգնմամբ