Նինոծմինդայի մանկատան շուրջ աղմուկը հանդարտվեց, երբ ՄԻՊ գրասենյակը մանկատուն մուտք գործելու թույլտվություն ստացավ, սակայն հետաքրքիր է, թե ինչ պատահեց երեխաների հետ, ինչպես են նրանք ապրում և ինչու այս թեման այսպես հանկարծակի ոչ արդիական դարձավ:
2021 թվականի հունիսին մեծ աղմուկ բարձրացրեց Նինոծմինդայի մանկատան շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թեման, ՄԻՊ գրասենյակը հայտարարություններով էր հանդես գալիս, լրագրողները գիշերում էին մանկատան պատերի մոտ, գտնում մանկատան նախկին սաներին, եկեղեցին պաշտպան էր կանգնել: Բայց ղեկավարության փոփոխության և Օմբուդսմենին հունիսի 28-ին մանկատուն մտնել թույլատրելու հետ մեկտեղ, ամեն ինչ կտրուկ հանդարտվեց: Այնուամենայնիվ, ինչպես են ապրում այս երեխաները, ինչ է փոխվել դրանից հետո, Jnews-ը պարզել է այս ամենը ինչպես եկեղեցուց, այնպես էլ Վրաստանի ՄԻՊ գրասենյակից:
Ինչպես տեղացիներն են ասում, Նինոծմինդայում, ցրտերն ընկնելուց առաջ, մանկատան երեխաներին տեսել էին մարզադաշտում, նրանք խաղում էին: Բնակիչները նման բան երկար ժամանակ չէին հիշում: Ինչպես տեղեկացրին Վրաստանի ՄԻՊ գրասենյակից, այս տարի երեխաների համար կազմակերպվել է նաև հանգիստ, և, ընդհանուր առմամբ, իրավիճակը փոխվել է մանկատան տնօրինության փոփոխության հետ մեկտեղ: Այս պահին այնտեղ ապրում է 15 երեխա:
«Օմբուդսմենի գրասենյակը շարունակում է վերահսկել ինչպես Նինոծմինդայի մանկատանը գտնվող երեխաներին, այնպես էլ մանկատունը լքած երեխաներին: Որոշ երեխաներ վերադարձել են իրենց ընտանիքներ, ոմանք՝ պետական այլ հաստատություններ: Մենք աստիճանաբար հաղորդակցվում ենք բոլորի հետ և փորձում ճշտել, թե ինչպես են նրանք ապրում: Վերջին անգամ Նինոծմինդայի մանկատանը մենք եղել ենք սեպտեմբերի 1-ին: Մեր գործակալությունը հետեւում է այն գործընթացին, ըստ որի այս երեխաները փուլ առ փուլ մանկատնից կտեղափոխվեն: Մեր նախաձեռնությամբ մանկատանը մնացած երեխաները հանգստացել են հանգստավայրերից մեկում: Նրանց վիճակը քիչ թե շատ կայունացել է՝ սկզբնական շրջանի համեմատ: Նրանք այժմ ավելի հանգիստ միջավայրում են: Մեր առաջարկությունն անփոփոխ է, յուրաքանչյուր երեխա պետք է լքի այս հաստատությունը: Եվ երեխաները պետք է գտնվեն իրենց կենսաբանական ընտանիքներում», – ասում է Վրաստանի ՄԻՊ տեղակալ Էկատերինե Սխիլաձեն:
Այնուամենայնիվ, այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել քրեական գործերի հետ, և ինչ է կատարվում քննության այս պահին, հետևեց հետևյալ պատասխանը.
«Այո, մենք ուսումնասիրում ենք ըստ Վրաստանի ՔՕ-ի հնարավոր բռնության և ծեծի առթիվ հարուցված գործերը: Այս պահին շատ բան չեմ կարող ասել, բայց շուտով մենք կունենանք պատասխան, վերջնական որոշում դեպքերի, հետաքննության արդյունքների հիման վրա բռնության փաստերի վերաբերյալ: Եվ այս տեղեկատվությունը, անշուշտ, հասանելի կլինի հանրությանը: Մանկատան նոր ղեկավարության դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չենք ունեցել: Մենք արդեն 2 անգամ եղել ենք այս հաստատությունում և մինչ այժմ մեր այցի հետ կապված խնդիրներ չեն առաջացել», – ասում է Էկա Սխիլաձեն:
Ախալքալաքի և Կումուրդոյի մետրոպոլիտ Նիկոլոզի խոսքով, այս բոլոր գործողությունները ուղղված էին եկեղեցու վարկաբեկմանը:
«Եթե նրանք ինձ այդ ժամանակ հարցնեին, ես կպատասխանեի, որ նրանք շատ շուտով կմոռանան: Փաստորեն, դա հարձակում էր եկեղեցու վրա: Սա հերթական հարձակումն էր եկեղեցու վրա: Փաստորեն, այնտեղ ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ լավ էր: Այնտեղ քիչ երեխաներ կան: Քանի որ աշխարհում սկսվել է գործընթացների գլոբալացման գործընթացը, այդ մեծ մանկատները չպետք է գոյություն ունենան: Քանի որ այնտեղ շատ երեխաներ կային՝ ավելի քան 50, նրանք փնտրում էին պատրվակ, թե ինչպես գտնեն սխալ դրա մեջ: Մաղել այս երեխաներին: Պարզեցինք, թե որտեղ են նրանց տեղափոխել, նրանք լավ պայմաններում են: Կարծում եմ նաև, որ կարիք չկա մանկատները մեծ լինեն, թող փոքր լինեն», – մեկնաբանեց Ախալքալաքի և Կումուրդոյի մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլին:
Երեխաները հասարակության ամենախոցելի շերտն են: Երեխաները խնամքի կարիք ունեն, ընտանիքի: Նինոծմինդայի մանկատան հետ կապված աղմկահարույց միջադեպը փոխեց այս համակարգը: Մնում է հուսալ, որ առանց ծնողների հսկողության մնացած երեխաները ճնշման չեն ենթարկվի և քիչ թե շատ համապատասխան խնամք կստանան:
Քրիստինե Մարաբյան