Վաչիանի դպրոցում Հոգաբարձուների Խորհրդի անդամներն օրենքի խախտումով նախագահ են ընտրել:
Այսօր jnews.ge լրատվականի խմբագրությունը զանգ ստացավ, որ Վաչիանի դպրոցում օրենքի շրջանակներից դուրս որոշումներ են կայացվում:
Մեր այցի ժամանակ Վաչիանի դպրոցում մթնոլորտը լարված էր: Բանն այն է, որ հունիսի 15-ին Վաչիանի դպրոցում Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություններ են անցկացվել: Ընտրություններն անցկացվել են օրենքի խախտումներով, քանի որ նորակազմ խորհրդի 6 անդամներից 2-ը, ինչպես նաև Նախարարության, տեղական իշխանության և աշակերտների ինքնավարման ներկայացուցիչները բացակա են եղել: Արդյունքում Խորհրդի նախագահ է ընտրվել Մարինե Մինասյանը:
Վաչիանի դպրոցում մեզ ընդունեցին որպես ինչ-որ մեկի կողմից ուղարկված մարդ: Յուրաքանչյուրն իր հերթին, իր տեսանկյունից բացատրում էր, որ իրենք գործում են օրենքի սահմաններում: Հենց մանկավարժները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրոք խորհրդի նախագահի ընտությունների ժամանակ բացակայել են երկու անդամ:
Վաչիանի դպրոցի Հոգաբարձուների խորհրդի ընտրական հանձնաժողովի նախագահ Մադոնա Մուրմանիշվիլիի խոսքով, հունիսի 15-ին կատարված ընտրությունները անվավեր են ճանաչել և, որ հենց նախարարությունից հրաման ստանան, նորից ընտրություններ կանցկացնեն:
Հարկ է նշել, որ Հոգաբարձուների խորհրդի ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք չունի խառնվելու Խորհրդի նախագահի ընտրություններին: Նրա լիազորություններն օրենքով դադարում են Խորհրդի անդամների ընտրություններից անմիջապես հետո:
Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություններին պարտադիր պետք է ներկա լինեն բացառապես Խորհրդի բոլոր անդամները: Ինչպես նաև ԿԳ նախարարության ուղարկած ներկայացուցիչն ու տեղական իշխանության լիազոր անձը: Սակայն տեղական իշխանության լիազոր անձը նախագահի ընտրության ընթացքին խառնվելու իրավունք չունի: Նա ընտրությանը պարտադիր պետք է ներկա լինի միայն դիտորդի կարգավիճակում:
Հոգաբարձուների Խորհուրդն օժտված է մի շարք լիազորություններով: Վրաստանի «Միջնակարգ կրթության մասին» օրենքը ենթադրում է. «Հոգաբարձուների Խորհուրդը մրցույթով անցած թեկնածուներից, ըստ ցուցակի, գաղտնի քվեարկությամբ հավասարության և ընտրության ազատության հիման վրա ընտրում է դպրոցի տնօրենին»:
Վաչիանի դպրոցում ստեղծված իրավճակի պատճառը հենց դպրոցի տնօրենի թափուր պաշտոնն է: Երեք թեկնածուներ պայքարում են տնօրենի թափուր պաշտոնի համար: Նրանց՝ Արևիկ Գաբրիելյանի, Սեդա Մելքումյանի և Մարինա Չոմարյանի դիմում-հայտերը գտնվում են ԿԳ Նախարարությունում: Նախարարությունն առաջիկայում երեք թեկնածուների միջև ընտրություն կկատարի և դպրոցի Հոգաբարձուների Խորհրդի հաստատմանը կներկայացնի իր նախընտրելի թեկնածուին: Ինչը ենթադրում է, որ Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի հաստատելու կամ մերժելու Նախարարության ներկայացրած թեկնածուին:
Նշենք, որ դեռևս մայիսի 13-ին Վաչիանի դպրոցի արդեն նախկին Հոգաբարձուների Խորհուրդը հատուկ նիստ էր գումարել տնօրենի ընտրության հետ կապված և որոշում ընդունել: Ըստ որի Հոգաբարձուների Խորհուրդը դպրոցի տնօրենի թեկնածուներից նախապատվությունը տվել էր Արևիկ Գաբրիելյանին:
Աղունիկ Այվազյան