Ախալքալաքի սպորտ կենտրոնի տնօրեն, բռնցքամարտիկ Ատոմ Էլիզբարյանը ստացել է Վրաստանի վաստակավոր մարզչի կոչում:

2015 թ.-ի փետրվարի 22-ին Ախալքալաքում Վրաստանի բռնցքամարտի առաջնության բացման ժամանակ հանդիսավոր կերպով հայտարարվեց, որ Ատոմ Էլիզբարյանին տրվում է վաստակավոր մարզչի կոչում, սակայն պաշտոնական հաստատմանը հաջորդեց ավելի քան մեկ տարի՝ 2016 թ.-ի ապրիլի 15-ը:

Ատոմ Էլիզբարյանը համարվում է 48-րդ մարդը Վրաստանում, ով պարգևատրվել է այս տիտղոսով վերջին 25 տարիների ընթացքում: Նա կարծում է, որ վաստակավոր մարզչի կոչումը պարտավորեցնում է ջանք չխնայել հասնելու ավելիին:

«Կոչմանը ես սպասում էի, բայց ոչ այսպես շուտ: Դա եղել է իմ երազանքը, և ես կարողացա հասնել նրան: Իմ հաջորդ երազանքն այն է, որ իմ մարզիկները, ում ես մարզում եմ վերադառնան օլիմպիական խաղերից` հաղթանակած: Ես կարծում եմ, որ ինձ տվեցին այս կոչումը իմ աշակերտների ցույց տված լավ արդյունքների համար: Նրանք Եվրոպայի առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր, և բացի այդ, մեզ մոտ բռնցքամարտը զարգանում է արագ տեմպերով», – ասում է Ատոմ Էլիզբարյանը:

Ատոմ Էլիզբարյանը ծնվել է 1972 թ.-ի Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում: Մանկությունից զբաղվել է բռնցքամարտով Ախալքալաքի մարզադահլիճում: Դպրոցական տարիներին, երեք տարի շարունակ նա դարձել է Վրաստանի չեմպիոն: Սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկուլտուրայի ֆակուլտետում, ստացել՝ մարզչի մասնագիտություն: Մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների: Դարձել է Հայաստանի չեմպիոն 1990 թ.-ի և 1993 թ.-ի երիտասարդների և մեծահասակների շրջանում: 1994 թ.-ի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստման ժամանակ, նա ստանում է ոտքի վնասվածք և վերադառնում Ախալքալաք: Արդեն 15 տարի է Ախալքալաքում զբաղվում մարզչական գործունեությամբ:

2008 թվականից մինչ այսօր աշխատում է Ախալքալաքի սպորտ կենտրոնի տնօրեն:

Շուշան Շիրինյան