Ախալքալաքի երեխաների շրջանում սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային վարակի (ինֆեկցիա) դեպքերի, կորոնավիրուսի «Omicron» շտամի, այն սուր շնչառական վարակներից տարբերելու, և այլնի մասին, Jnews-ը զրուցել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Իսպիրյանի հետ։
Վերջին օրերին մունիցիպալիտետնում ավելի ու ավելի շատ են հիվանդանում երեխաները, ինչպիսին է վիճակագրությունը, հիվանդները շատ են:
Հիմա այս սեզոնին ունենք այնքան հիվանդ, որքան ամեն տարի է լինում։ Մեզ մոտ (Աալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում) պաշտոնապես գրանցված է 12 հիվանդ։ Բոլոր երեխաներն ունեն սուր շնչառական հիվանդություններ, սուր շնչառական վարակներ։ Բայց իրականում հիվանդներն ավելի շատ են, քանի որ ոչ բոլորն են դիմում բժշկի։ Ընդհանուր սուր շնչառական հիվանդությունների և սուր շնչառական վարակների հիվանդացության պիկը միշտ լինում է հունվար-փետրվար ամիսներին:
Հիվանդ երեխաների ախտանիշները շատ նման են «Omicron» շտամի ախտանիշներին, և բացի այդ, ենթադրվում է, որ երեխաները ավելի շատ վարակվում են հենց այս շտամով, ինչպե՞ս տարբերակել սա ուղղակի սուր շնչառական վիրուս, սուր շնչառական հիվանդություն է, թե կորոնավիրուսի «Omicron» տեսակը:
Վիճակագրության համաձայն, սուր շնչառական հիվանդություններից և սուր շնչառական վարակից ամենաշատը տուժում են մինչև 10 տարեկան երեխաները։ Նրանց օրգանիզմը դեռ սովոր չէ վիրուսներին։ Որքան շատ է մարդն ապրում, այնքան շատ վիրուսներ ու բակտերիաներ են անցնում նրա օրգանիզմով, իսկ երբ օրգանիզմն առաջին անգամ է հանդիպում վիրուսին, ռեակցիան ուժեղ է, ուստի մեծահասակներն այդքան էլ հաճախ չեն հիվանդանում ու ծանր չեն տանում վիրուսային հիվանդությունները։
Այո, «Omicron»-ն ավելի շատ ազդում է երեխաների վրա, այլապես այդքան հիվանդ երեխաներ չէինք ունենա։ Երեխաները չեն մասնակցել պատվաստման ընթացքին: Հետո երեխաները առաջին անգամ են բախվում վիրուսի հետ և, բնականաբար, նման ուժեղ ռեակցիա են ունենում։ «Օմիկրոնը» հենց է ազդում է երեխաների վրա։
Ախալքալաքում տարածված է «Omicron» շտամը, թե՝ ոչ:
Մենք Ախալքալաքում չունենք լաբորատոր հաստատված դեպք, որ ասենք՝ «Omicron» կա, թե ոչ։ Լավագույն դեպքում կարող ենք նմուշառում կատարել, ուղարկել լաբորատորիա, որտեղ վիրուսաբանական անալիզ կանցկացնեն ու կասեն, թե որ շտամն է։ Ակնկալում ենք «Omicron»-ի մեծ բռնկում։ Վիճակագրություն չունենք, թե Ախալքալաքում քանի երեխա է հիվանդացել Covid-ով: Մենք՝ համաճարակաբաններս, կարծում ենք, որ եթե 2-3 դեպք է գրանցվում, ապա դրանց թիվը մինիմում 2-3 անգամ ավելի է, գուցե նույնիսկ 10 անգամ։ Համոզված եմ, որ մենք ունենք «Omicron», պարզապես չգիտենք, հատկապես, որ դրա կլինիկական ախտանիշները մեղմ են:
Որոնք են «Omicron»-ի ախտանիշները երեխաների մոտ և ինչ պետք է անեն ծնողները:
Ընդհանուր թունավորման ախտանիշները՝ գլխապտույտ, սրտխառնոց, ախորժակի կորուստ։ Կլինիկական ընթացքը ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից: Աշխարհի գիտնականները նշում են, որ ժամանակի ընթացքում Covid-ը կդառնա սովորական վարակիչ հիվանդություն, և մահերը շատ չեն լինի։ Ամեն դեպքում, քանի որ ախտանշանները շատ նման են, պետք է դիմել բժշկի։ Եթե երեխայի ջերմությունը 1-2 օր չի իջնում, ամպայման պետք է դիմել բժշկի։ Չէ որ մենք չգիտենք, թե ինչ բարդություններ կարող է առաջացնել Covid-ը երեխաների մոտ: