Ախալքալքում ձյունը հալվեց, որի հետ հալվեց նաև ասֆալտը, գրեթե բոլոր փողոցներում գոյացել են մեծ և դժվարանցնելի փոսեր, ձնհալի ջուրը լցվել է փոսերի մեջ, ինչի պատճառով չի երևում փոսի խորությունը և վարորդներն անակնկալի են գալիս փոսն ընկնելուց։ Քաղաքի կենտրոնական հատվածի փոսը, որը դեռ 2022 թվականի դեկտեմբեր ամսին էր ի հայտ եկել, ավելի է լայնանում, իսկ այն շրջանցելու հնարավորություն չկա, քանի որ այն ճանապարհի ամբողջ լայնքով է։
Անբարեկարգ վիճակում է գտնվում նաև Նալբանդյան փողոցի դեպի «վստրեչա» կոչվող տարածք տանող ճանապարհը։ Երկար կարելի է թվարկել քաղաքի գրեթե բոլոր փողոցների անունները։ Հիմա դժվարանցնաելի է նաև Ազատության փողոցի մի հատվածը, որտեղ անցած տարի փորվել է կոյուղագծի և ջրագծի նորոգման նպատակով: Այն պետք է փակվեր Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի կողմից, բայց քանի որ քաղաքում պետք է փոսային աշխատանքներ կատարվեն, պայմանավորվածություն է ձեռք բերվել փոսային աշխատանքների ժամանակ փակել։
Ինչպես տեղեկացանք քաղաքապետից, շուտով փոսային աշխատանքների իրականացման համար էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի:
«Էլեկտրոնային մրցույթի փաստաթղթերն ենք պատրաստվում և մոտ օրերս մրցույթ կհայտարարվի: Անցած տարվա փոսային աշխատանքներից էլ տնտեսումներ ունենք, որոնք որ տեղափոխել ենք այս տարի», – ասում է քաղաքապետ Մելքոն Մակարյանը:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Ազատություն փողոցի ճանապարհափոսը դեռ չի վերացվել
Արդյո՞ք այս տարի կավարտվեն մայթերի բարեկարգման աշխատանքները