Ախալքալաքում ընտրատեղամասերը բացվել են ժամը 8:00-ին: Առավոտից ընտրողների ակտիվությունը բարձր չէ: Դիտորդները դեռ շատ չեն: Որոշ ընտրատեղամասերում քարոզիչներ չկան, իսկ որոշներում դրանց թիվը շատ է: Jnews-ը հետևում է ընտրությունների ընթացքին:
Աբուլ գյուղի թիվ 36 ընտրատեղամասում գրանցված է 399 ընտրող, ժամը 10:00-ին քվեարկել է 46 ընտրող: Մի քանի ընտրող տեղամաս էր եկել առանց անձնագրի կամ այլ փաստաթղթի, սակայն հանձնաժողովի անդամները նրանց հետ ուղարկեցին, որպեսզի փաստաթղթով ներկայանան: Մեր այնտեղ գտնվելու 40 րոպեի ընթացքում երեք ընտրող առանց փաստաթղթի ներկայացածներից միայն երկուսը վերադարձան անձնագրով: Ընտրատեղամասը փոքր էր:
Կարտիկամ գյուղի թիվ 34 ընտրատեղամասում գրանցված է 1 163 ընտրող: Ժամը 10:00-ին այստեղ քվեարկել է 54 ընտրող: Այստեղ ընտրողները հիմնականում առանց դիմակի էին գալիս, հանձնաժողովի անդամները նրանց ներս չէին թողնում: Այնուամենայնիվ, մեկ ընտրող գրանցման սեղանին մոտեցավ, որտեղ նրան դիմակ տվեցին:
Դրսում ընտրողներին բերում էին տրանսպորտով: «Վրացական երազանք»-ի դիտորդը, որը սկզբում տեղամասում, հետո դուրս եկավ և դիմավորեց ընտրողներին:
Թիվ 3 ընտրատեղամասում՝ Դեմիրճյանի անվան դպրոցում, գրանցված է 1 239 ընտրող, ընտրատեղամասը ստացել է 1000 քվեաթերթիկ: 24 ընտրող իր ընտրությունը կատարելու է շարժական քվեատուփի օգնությամբ, 11 հոգի քվեարկում է ըստ հատուկ ընտրացուցակների:
Ընտրատեղամասում առաջին ընտրողը քվեարկել է 8:05-ին: Առավոտյան ընտրատեղամասում էին «Բազմազգ Վրաստան» և ISFED (Արդար ընտրությունների և ժողովրդավարության համար միջազգային հանրություն) հասարակական շարժման դիտորդները: Ընտրատեղամաս մուտք գործելիս դիտորդներին և լրագրողներին չեն ջերմաչափել: Ջերմությունը սկսել են չափել 8:25-ից, այն բանից հետո, երբ մենք հիշեցրինք դրա անհրաժեշտության մասին: Ո՛չ ընտրահոսքի կարգավորիչը, ո՛չ էլ գրանցողները չէին ստուգում ընտրողների ինքնությունը և չէին պահանջում, որ վերջիններս դիմակներն իջեցնեն:
Պատի վրա փակցված արձանագրությունը լրացված չէր, այն լրացվեց այն բանից հետո, երբ մենք խնդրեցինք դա անել:
Ընտրարեղամասում էր գտնվում «Միասնական ազգային շարժում» կուսակցության դիտորդը: Նույն կուսակցությունից գրանցված երկրորդ դիտորդը լքեց տեղամասը, քանի որ հանձնաժողովի անդամները նկատեցին, որ նույն կուսակցությունից կամ կազմակերպությունից 2 դիտորդի թույլ չի տրվում գտնվել ընտրատեղամասում:
Գրիչները սկզբում գտնվում էին քվեատուփի համար պատասխանատուի գրասեղանին, սակայն 8:32-ից հետո դրանք դրվեցին գրանցողների սեղանների վրա:
Ընտրողները չէին ախտահանում իրենց ձեռքերը, ոմանք գրիչը կամ անձեռոցիկները թողնում էին քվեախցիկում: Քվեախցիկները պատի կողմից բացված չէին, ինչպես որոշված է անել համավարակի պայմաններում:
Շատ ընտրողներ չէին կարողանում գտնել իրենց ընտրական համարները պատերի վրա փակցված ընտրացուցակներում, քանի որ այնտեղ չէին քարոզիչները, որոնք բոլոր ընտրություններում օգնում էին գտնել ընտրական համարը:
Ընտրողն առանց դիմակի մտավ ընտրատեղամաս, նրան դիմակ տվեցին հանձնաժողովի անդամները:
Կես ժամում, մինչեւ 8:30-ը, քվեարկել է ընդամենը 5 հոգի, սակայն ժամը 9:00-ին ընտրողները սկսեցին շարժվել դեպի ընտրատեղամաս: Այնուամենայնիվ, դեռ քարոզիչները չկան:
Թիվ 67 ընտրատեղամասում՝ Թումանյանի անվան դպրոցում, գրանցվել է 963 ընտրող, ստացվել է 750 քվեաթերթիկ, 11 հոգի քվեարկում է հատուկ ընտրացուցակով, 27 հոգի՝ շարժական քվեատուփի միջոցով:
Ընտրատեղամասում Jnews-ը նկատել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության 13 քարոզչի, նրանք գալիս էին քվեարկելու և մնում ընտրատեղամասում՝ օգնելով ընտրողներին գտնել իրենց համարը:
Ընտրախցիկները բացված չէին պատի կողմից, ինչպես դա ընդունված է անել համավարակի ժամանակ: Այն բանից հետո, երբ մենք նկատեցինք դա, հանձնաժողովի անդամները հանեցին վարագույրները՝ թողնելով միայն ընտրախցիկի առջևի մասը:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության դիտորդը չգիտեր, թե որ կուսակցությունից է նա: Երբ նա չկարողացավ պատասխանել մեր հարցին, խնդրեց կարդալ իր բաճկոնին ամրացված անվանաքարտի վրա, որպեսզի իմանա, եթե հանկարծ նորից հարցնեն: