«Ուժը միասնության մեջ է» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոլ Վաշաձեի նախընտրական քարոզարշավը Ախալքալաքի շրջանում ակտիվ փուլում է: Jnews-ը հետևում է հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունների քաղաքական կուսակցությունների քարոզարշավի ընթացքին:

5

«Ուժը միասնության մեջ է» կուսակցության քարոզարշավը Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում հոկտեմբերի 23-ին անցավ խաղաղ մթնոլորտում: Մինչ Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ներկայացուցիչները Օլավերդ գյուղից կհասնեին Գոման, Jnews-ը փորձեց զրուցել գյուղամեջում նարդի խաղացող մարդկանց հետ:

55555

Նարդի խաղացող ծերունիներից մեկը ասաց, որ իրենց գյուղ երեք թեկնածուի ներկայացուցիչներ են եկել քարոզարշավի: Իսկ հարցին, տեղյակ եք, թե երբ են նախագահական ընտրությունները, վերջինս հստակ պատասխանեց. «Դեռ չեմ որոշել ում օգտին եմ քվեարկելու, բայց անպայման ընտրության գնալու եմ»:

Հինգ մեքենա շարասյունով հասավ գյուղամեջ: Մեքենաներից յուրաքանչյուր դուրս եկողը մի անելիք ուներ. մեկը՝ Վաշաձեի նախընտրական պաստառներն էր փակցնում, մյուսը՝ տեղեկատվական բուկլետներ էր բաժանում, երրորդը՝ նախընտրական ծրագիրն էր ներկայացնում:

555

Մելիք Ռաիսյանը հավաքվածներին հարցով դիմեց՝ արդյո՞ք գնալու են ընտրության և խնդրեց անկեղծ պատասխանել իր հարցին:
Բնակիչները իրար հերթ չտալով վստահեցրին, որ անպայման գնալու են ընտրության և քվեարկելու են իրենց կամքի համաձայն:

Մելիք Ռաիսյանը հավաքվածներին հորդորեց, որ Ջավախքի հայությունը ընտրություններին պետք է իշխանության օգտին չքվեարկի.

«Երբ իշխանությանն ես ձայն տալիս, կամա թե ակամա խնդրողի դերում ես հայտնվում: Իսկ երբ բողոքական ես լինում, արդեն քեզ հաշվի են նստում: Մեզ խնդրել չի սազում, մենք պետք է պահանջենք, ուրեմն պահանջել կարող ես միայն ընտրության միջոցով: Մեր դժգոհությունը հենց իշխանություններին ցույց չտանք, իշխանավորները երես կառնեն: Իշխանությունը երեխայի նման մի բան է, երեխային էլ, որ երես տաս գլխիդ կնստի: Իշխանությանը ձայն տալը մեզ համար կործանիչ է»,- ասաց Մելիք Ռաիսյանը:

55

Գյուղացիներից մեկը տեղեկատվական բուկլետն ուսումնասիրելուց հետո վստահեցրեց, որ կքվեարկի ի օգուտ Գրիգոլ Վաշաձեի, բայց պայմանով, որ Սահակը (Միխեիլ Սաակաշվիլին) վերադառնա:

«Սահակը շատ լավ նախագահ էր, ինչքան ճանապարհ սարքեց, ուսուցիչների աշխատավարձը տվեց, ինքը շատ բան արեց ժողովրդի համար»,- նշեց տարեց մի գյուղացի:

5555

Գոման գյուղում «Ուժը միասնության մեջ է» կուսակցության նախընտրական քարոզարշավը մարդաշատ չէր, մոտավոր 10-15 բնակիչ էր հավաքվել: Այս փաստը նախընտրական շտաբի պատասխանատու Աշոտ Ռաիսյանի խոսքերով վախի պատճառով է:

«Ժողովրդին վախեցնում են, օրինակ Գոման գյուղ, առավոտ բավականին շատ մարդ էր հավաքվել, հետո ինֆորմացիա ստացանք, որ գյուղապետը զանգել ասել է, որ չհավաքվեք: Ես կարող եմ ասել, որ մենակ մեր կուսակցության հանդեպ են այսպիսի ճնշում իրականացնում, միայն 5 համարի հանդեպ է նման վերաբերմունք», – ասաց նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի պատասխանատու Աշոտ Ռաիսյանը:

Վերջինս վստահ է, եթե ընտրությունները վաղը լինեն, ապա Գրիգոլ Վաշաձեն Ախալքալաքի շրջանում կհաղթի:

«Եթե վաղը լինի և մաքուր, մենք Ախալքալաքի շրջանում մոտավոր 70-75 տոկոս ձայն կհավաքենք»,- ասաց Աշոտ Ռաիսյանը:

Աղունիկ Այվազյան