Երեկ, հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Նախնական գնահատականներով Ախալքալաքի շրջանում հաղթել է «Վրացական երազանքը»: Ինչ են ասում վերջին ընտրությունների մասին ակտիվ կուսակցությունների շտաբերում և ինչպես են գնահատում արդյունքները:

Ընտրությունները ընդհանուր առմամբ հանգիստ անցան, առանց լուրջ խախտումների և միջադեպերի, չնայած որոշ ընտրատարածքներում լարվածություն էր զգացվում, բայց զանգվածային բախումներ չեն եղել: Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր 6 թեկնածու, սակայն հիմնականում պայքարը «Վրացական երազանքի» և «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունների թեկնածուների միջև էր:

Կան ընտրատարածքներ, որտեղ ընդդիմությունը հաղթել է, բայց, ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով հաղթել է «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքապետի 4 թեկնածուների գնահատականները:

«Բաքրաձե Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքի թեկնածու Հարություն Ալեքսանյանը, ով հավաքել է քվեների 2,66%, դեռ չի շտապում մեկնաբանել արդյունքները:

«Մենք դեռ ուսումնասիրում ենք տվյալները, դեռ չենք մեկնաբանում, հետո, երբ ավարտենք արդյունքների վերլուծությունը, այդ ժամանակ կասենք»:

«Դիմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա, Ժողովրդավարական շարժում-ազատ Վրաստան» դաշինքի թեկնածու Մելիք Ռաիսյանը հավաքել է ձայների 5,29%-ը: Նա գոհ չէ ընտրությունների արդյունքներից:

«Մարդկանց վերջին հույսը, որ իրենց տարածքում ձայն պիտի ունենան, խնդիրները լուծելու համար, կորավ: Իշխող կուսակցության և հատուկ ծառայությունների մարդիկ մարեցին ժողովրդի վերջին հույսը: Մենք ունեինք 5 թեկնածու, ովքեր պետք է անպայման անցնեին, նրանք հավաքեցին շատ ձայներ: Մենք կունենանք պատգամավորներ Շրջանային ժողովում (Սակրեբուլու)»:

Սամվել Պետրոսյանն առաջադրվել է «Վրաստանի հայրենասերների դաշինքի» կողմից և հավաքել 32,32% ձայն, կարծում է, որ լուրջ խախտումներ են եղել.

«Թող ժողովուրդը գնահատի: Գնվել է ժողովրդի ձայները մեծ գումարներով: Եթե մարդիկ վաճառվում են, ապա ազգը չի կարող այդ անձի վրա հույս դնել: Խաբեություն է եղել: Կվերլուծենք արդյունքները: Կան կոպիտ, լուրջ խախտումներ: Չգիտեմ, թե ինչն է հատուկ արվել, ինչը ոչ, բայց նրանց օգտին: Վերլուծությունից հետո, կոպիտ սխալների դեպքում դատի կտանք, բայց վստահ չեմ, որ օրենքը այստեղ կաշխատի», – ասաց Սամվել Պետրոսյանը:

«Վրացական երազանք» կուսակցությունից թեկնածու Յուրիկ Հունանյանը, ով ստացել է առավելագույն թվով ձայներ` 58.62%, գոհ է ընտրությունների արդյունքներից և ուրախ է, որ ընտրությունները անցան հանգիստ, խաղաղ մթնոլորտում:

«Այսօրվա տվյալների համաձայն, 59-60%-ը իմ տոկոսն է, 61-62%-ը կուսակցության: Իսկ ինչ վերաբերում է Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորներին, մեկ տարածքային շրջանում մենք զիջում ենք: Կարտիկամի տարածքային շրջանում, որտեղ մենք հաղթեցինք միայն երկու գյուղերում` Թախչա և Բուզավեթ», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանը:

Շուշան Շիրինյան