Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Այս ընտրությունները կարևոր են առաջին հերթին այն պատճառով, որ մենք ընտրում ենք նրանց, ովքեր պետք է հոգ տանեն և նորմալ կյանք ապահովեն այն շրջանում, որտեղ ապրում ենք հենց մենք: Երկրորդ՝ այս ընտրությունները շատերի կողմից ընկալվում են որպես վստահության հանրաքվե: Jnews-ը հիշեցնում է, թե ինչպես վարվել ընտրատեղամասում և, առհասարակ, ում ենք մենք ընտրում:
Ո՞ւմ ենք ընտրում և ինչու՞
Կատարելով մեր քաղաքացիական պարտքը, մենք պետք է կատարենք մեր եռակի ընտրությունը. Մենք ընտրում ենք ինքներս մեզ համար՝
• քաղաքապետի
• սեփական ընտրատարածքի (մեծամասնական) պատգամավորի
• կուսակցությանը, որն իր թեկնածուների ցուցակից պատգամավորներին կանցկացնի Շրջանային ժողով (Սակրեբուլո)
Ախալքալաքի քաղաքապետ կդառնա այն թեկնածուն (երեքից), որը կհավաքի ձայների ավելի քան 50%-ը:
Մեծամասնական պատգամավոր կդառնա այն թեկնածուն (յուրաքանչյուր ընտրատարածքում թեկնածուները տարբեր են), որը կհավաքի ձայների 40%-ից ավելին: Եթե հանկարծ երկու թեկնածու հավաքեն հավասար թվով ձայներ, ապա Սակրեբուլո կմտնի այն թեկնածուն, ով ավելի վաղ էր գրանցվել ընտրություններին մասնակցելու համար:
Համամասնական թեկնածուները որոշվելու են հետևյալ կերպ. առաջնահերթ այն կուսակցությունները, որոնք, ըստ համամասնական ընտրակարգի, կստանան ձայների ավելի քան 3%-ը, կարող են իրենց թեկնածուներին առաջադրել Սակրեբուլոյին, իսկ այն թեկնածուների թիվը, որոնք կուսակցությունը կանցկացնի սակրեբուլո, որոշվում է մաթեմատիկական բարդ հաշվարկով: Կուսակցության կողմից ստացած ձայների թիվը բազմապատկվում է սակրեբուլոյի համամասնական պատգամավորների թվով (Ախալքալաքի դեպքում` 28-ով), այնուհետև ստացված թիվը բաժանվում է ընտրաշեմը հաղթահարած կուսակցությունների կողմից ստացած ձայների ընդհանուր թվի վրա:
Ախալքալաքի սակրեբուլոն բաղկացած կլինի 42 պատգամավորից, որոնցից 14-ն ընտրվում են մեծամասնական, իսկ 28-ը` համամասնական ընտրակարգով:
Ընտրությունների օրը
Համավարակի պայմաններում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ընտրատեղամաս մտնող յուրաքանչյուր ոք պետք է դիմակ կրի: Նա պետք է ախտահանի ձեռքերը, և միայն դրանից հետո նրան կարող են թույլ տալ մտնել ընտրատեղամաս: Ընտրահոսքի վերահսկիչը, որը կանգնած է քվեարկության սենյակի դռան մոտ, պետք է ստուգի մատի վրա պիտակավորումը, ստուգի փաստաթղթերի առկայությունը և ինքնությունը` խնդրելով անձին հանել դիմակը: Այնուհետև՝ ընտրողը շարժվում է դեպի գրանցողը, այնտեղ նրա մատը պիտակավորվում է հատուկ հեղուկով: Գրանցողը խնդրում է ընտրողին բացել իր դեմքը` իր ինքնությունը ճշտելու համար: Նա (ընտրողը) ստորագրում է իր ազգանվան դիմաց, իր հետ վերցնում է գրիչը, որով ստորագրել է և ծրարով երեք քվեաթերթիկները և գնում քվեախցիկ: Քվեախցիկում նա կատարում է իր ընտրությունը, քվեաթերթիկները դնում է ծրարի մեջ՝ դրանք զգուշորեն ծալելով, դուրս է գալիս և ծրարը գցում քվեատուփի մեջ, իսկ գրիչը՝ գրիչների համար նախատեսված հատուկ տուփի մեջ:
Վերջ, ընտրողն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը:
Այն մարդիկ, ովքեր իրավունք ունեն գտնվելու ընտրատեղամասում, բացի ընտրողներից, պետք է անցնեն ջերմաչափում, նրանց մարմնի ջերմաստիճանը չափվում է ընտրատեղամասի մուտքի մոտ: Եթե գրանցվում է 37 աստիճան կամ ավելի, ապա 5 րոպե հետո անձը կրկին ջերմաչափվում է, եթե ջերմաչափը կրկին ցույց է տալիս 37 կամ ավելի, ապա անձը իրավունք չունի մուտք գործել ընտրատեղամաս:
Հարկ է նշել, որ տեղի դիտորդները միևնույն կազմակերպությունից իրավունք ունեն տեղամասում գտնվել մեկից ոչ ավելի դիտորդով: Լրագրողները կարող են ընտրատեղամաս մտնել յուրաքանչյուր լրատվամիջոցից երկուական հոգի` լրագրողը և օպերատորը: Միջազգային դիտորդները յուրաքանչյուր կազմակերպությունից ընտրատեղամասում կարող են գտնվել 2 հոգով` թարգմանչի հետ միասին: