նորություններ 24 Հուլիսի, 2026 • Փոքր Սամսարի լեռներում հովիվ է մահացել

Հուլիսի 22-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղի մոտ գտնվող լեռներում հայտնաբերվել է 67-ամյա տեղացի Ն.Ս.-ի դին։ Գյուղացիների խոսքով՝ տղամարդը մահացել է իր նախիրում արածող ցուլի հարձակման հետևանքով։

Գյուղացիների խոսքով՝ կենդանին միջադեպից կարճ ժամանակ առաջ հարևան Մեծ Սամսար գյուղից բերվել էր Փոքր Սամսար՝ սերմնավորման համար։ Նրանք հայտնել են, որ լեռներում գտնվող հովիվներն առաջին իսկ մի քանի օրերին նկատել են ցուլի ագրեսիվ վարքագիծը և զգուշացրել մյուս բնակիչներին զգույշ լինել։

Ողբերգության օրը Ն.Ս.-ն լեռնային արոտավայրերում արածեցնելիս է եղել անասուններին։ Հարազատները, տեղյակ լինելով կենդանու ագրեսիվ վարքագծի մասին, ամբողջ օրվա ընթացքում կապ են պահպանել նրա հետ։ Սակայն երեկոյան անասուններն ինքնուրույն վերադարձել են գյուղ՝ առանց հովվի, ինչը տագնապ է առաջացրել բնակիչների շրջանում։

Փոքր Սամսարի բնակիչները լեռներ են գնացել տղամարդուն փնտրելու և հայտնաբերել են նրա դին։ Ականատեսների վկայությամբ՝ մահացածի անձնական իրերը ցրված էին միմյանցից բավականին հեռու։ Տեսածի հիման վրա գյուղացիները ենթադրել են, որ ցուլը տղամարդուն քարշ է տվել տարածքով՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով։

Դիակը հայտնաբերելուց հետո գյուղի բնակիչները ոստիկանություն են կանչել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները զննել են դեպքի վայրը, որից հետո դիակը տեղափոխվել է Ախալցիխե՝ դատաբժշկական փորձաքննության համար։ Բնակիչները կարծում են, որ տղամարդը մահացել է ցուլի հարձակման հետևանքով, սակայն մահվան պաշտոնական պատճառը և վնասվածքների բնույթը կորոշվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քրեական գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ջավախքի բնակիչները ցուլերի հարձակման զոհ են դառնում։

• 2021 թվականի մայիսի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում ցուլը հարձակվել է 52-ամյա հովվի վրա՝ նախրին արածեցնելիս։ Տղամարդը ստացել է ծանր վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվել են կողոսկրերը և վնասվել են թոքերը։ Նա տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկա, որտեղ ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից։

• 2022 թվականի հուլիսի 9-ին ցուլը հարձակվել է Մեծ Արագյալ գյուղի բնակչի վրա։ Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակում։

• Նույն թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում ցուլը հարձակվել է 1970 թվականին ծնված հովվի վրա։ Տղամարդը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ, տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկա և որոշ ժամանակ գտնվել է կոմայի մեջ։

Շրջանի բնակիչները նշում են, որ նման դեպքերը հազվադեպ են լինում, բայց առանձին կենդանիների ագրեսիվ վարքագիծը լուրջ վտանգ է ներկայացնում հովիվների և անասնատերերի համար, հատկապես բարձրլեռնային արոտավայրերում արածեցնելիս։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝