Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է շրջանային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վրա ճնշումների հաճախացման մասին՝ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններից առաջ:
Ինչպես նշված է ԿԸՀ հայտարարության մեջ, գրանցվել են ինչպես ընտրատեղամասային հանձնաժողովներ ներխուժելու, այնպես էլ հանձնաժողովի անդամների հասցեին վիրավորական հայտարարությունների և սպառնալիքներով հեռախոսազանգերի, ատելության խոսքի, միջամտության և նրանց գործունեությանը խոչընդոտելու փաստեր:
Որոշ դեպքերում դիտորդները փորձել են սադրանքի նպատակով չարաշահել իրենց լիազորությունները, պնդում է ԿԸՀ-ն:
«Այս գործողությունները խոչընդոտում են ընտրական հանձնաժողովների գործունեությանը և նպատակաուղղված վնաս են հասցնում ընտրական գործընթացին: Սա ոչ միայն ընտրական վարչակազմին, այլև ամբողջ ընտրական միջավայրին վնաս հասցնելու փորձ է և ակնհայտորեն ուղղված է նրան, որ մարդիկ կորցնեն վստահությունը ընտրական վարչակազմի նկատմամբ և վնաս հասցնեն նրա հեղինակությանը», – ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Ընտրական վարչակազմն առաջնորդվում է մասնագիտական չափանիշներով և իր գործունեությունն իրականացնում է բաց և թափանցիկ: Այնուամենայնիվ, ընտրական վարչակազմի հետ միասին, ընտրական գործընթացում ներգրավված կուսակցությունները նույնպես պատասխանատու են ժողովրդավարական և արդար ընտրությունների անցկացման համար, նշված է հայտարարության մեջ:
«Հենց այդ պատճառով մենք կոչ ենք անում ընտրություններին ընդգրկված ընտրական սուբյեկտներին և դիտորդական կազմակերպություններին` դուրս չգալ իրենց լիազորություններից: Չմիջամտել ընտրական հանձնաժողովների աշխատանքին, քանի որ հենց այդ հանձնաժողովները պետք է ընտրությունները կազմակերպեն հոկտեմբերի 2-ին: Ընտրություններին մնացել է ընդամենը հինգ օր, և այս ընթացքում բոլոր մակարդակներով ընտրական վարչակազմն աշխատում է ողջ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի ընտրողները կարողանան իրենց ընտրությունը կատարել ազատ և անվտանգ միջավայրում», – ասված է հայտարարության մեջ:
Ընտրական վարչակազմը նաև կոչ է անում տեղական և միջազգային դիտորդներին, ինչպես նաև ԶԼՄ-ներին` ակտիվորեն հետևել ընթացիկ ընտրական գործընթացին և արձանագրել յուրաքանչյուր փաստ, նպաստել գործընթացի թափանցիկությանն ու ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը:
Հոկտեմբերի 2-ին երկրում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Վրաստանի քաղաքացիները կընտրեն քաղաքապետերին և խորհրդակցական մարմինների՝ Սակրեբուլոների պատգամավորներին: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցում է 43 կուսակցություն:
Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է 89 տեղական և 52 միջազգային կազմակերպությունների` նախընտրական քարոզարշավին և ՏԻՄ ընտրություններին հետևելու և դիտորդություն անելու համար: