Մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում լսվեցին առաջին պայթյունների ձայները: Շուրջ մեկուկես ամիս ադրբեջանական զինուժը թիրախում պահեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Պատերազմն ավարտվեց Ստեփանակերտի մատույցներում, այսօր ադրբեջանցի զինվորները հաշվված կիլոմետրերի հեռավորությամբ են:
Ըստ պաշտոնական տվյալների` հայկական կողմից 4 հազար մարդ է զոհվել այս պատերազմում, մինչ օրս ադրբեջանական գերության մեջ են հայեր, 250֊ից ավելի մարդ համարվում է անհետ կորած:
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց տարածքների մեծ մասը, մնացյալ հատվածի շուրջ էլ խորացող անորոշություն է. Ադրբեջանը չի էլ քննարկում կարգավիճակի հարցը` պնդելով, որ ռուսական խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայվել են իր տարածքում:
Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի համոզմամբ` 4 տարուց ռուսական զինուժը չի հեռանա, թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ խաղաղապահների տեղակայման ժամկետը կարող է երկարաձգվել միայն կողմերի` Երևանի և Բաքվի համաձայնությամբ։
«4 տարուց ոչ մի բան չի լինի։ Եթե ռուսական խաղաղապահ մանդատի վերաբերյալ է հարցը, ապա այն կերկարաձգվի, հակառակ դեպքում՝ կդառնա բազա», – «Ազատության» հետ զրույցում ասաց Խանումյանը՝ շարունակելով․ – «Խնդիրը այն է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ որ Բաքվից դա չեն հարցնի՝ կճանաչեն և կունենան իրենց բազան, օրինակ, սցենարներից մեկը։ Սցենարներից մյուսը՝ որ դրա շանտաժի տակ կարող է այդ համաձայնությունը շարունակվել հաջորդ 5 տարվա համար, և այսպես շարունակ»։
Իրենք` արցախցիները թեև ապագայի հանդեպ ունեն անորոշության զգացում, բայց ասում էին` մտադիր չեն հեռանալ, «Ազատության» հետ զրույցներում լավատեսություն արտահայտեցին, որ կարգավիճակի հարցը կլուծվի։
«Մեր ուզածը էն ա, որ մեր հողը վերցնենք, գնանք մեր տներում ապրենք», – ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։
«Աստծուց մենք պիտի խնդրենք, որ մեր իշխանավորներին խելք ու հայրենասիրություն տա, որ նրանք կարողանան Արցախի հարցի կարգավիճակը նորմալ վիճակով ընդունեն այն տարբերակը, որը Արցախի համար ընդունելի է։ Իհարկե մենք ուզում ենք անկախություն։ Մեր 30 տարվա պատերազմը դրա համար էր», – ասաց «Ազատության» մեկ այլ զրուցակից։
«Գուբերնյա ռասիյսկի՝ ուրիշ բան չկա, ստեղ խոդ կա ոչ։ Ռուսը պիտի մեզ պահի, վսյո։ Հայաստանը ուժ չունի, Հայաստանը ինքն էլ ա տանջված կյանքի մեջ, Հայաստանի դրությունը ավելի ծանր ա, քան թե Ղարաբաղի, Ղարաբաղը ուժե ռասիյսկի կազմի մեջ ա», – ասաց երրորդը։
«Լավն էն ա՝ մահանաս կանգնած, քան թե ապրես ծնկաչոք։ Մենք ծնկաչոք այլևս ապրելու ոչ մի ցանկություն չունենք, մենք պետք է ազատ, անկախ ապրենք», – ընդգծեց մեկ այլ արցախցի։
Ժամը 11-ին՝ լռության րոպե
44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին նախատեսված են հիշատակի միջոցառումներ. Արցախի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ է մատուցվելու, ժամը 11-ին ինչպես Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում ևս մեկ րոպե լռություն կհայտարարվի:
Պաշտոնական միջոցառումների շրջանակում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կայցելի Ստեփանակերտի հուշահամալիր` Եղբայրական գերեզմանատուն, որտեղ ամփոփված են արցախյան պատերազմների զոհերի աճյունները: Երեկ երեկոյան էլ դեպի Եղբայրական գերեզմանատուն ջահերով երթ անցկացվեց:
Ադրբեջանում այսօր` սեպտեմբերի 27-ը պաշտոնապես նշվում է որպես Հիշատակի օր, Իլհամ Ալիևի մեկ այլ հրամանագրով էլ պատերազմի ավարտի օրը` նոյեմբերի 10-ը ընդգրկվել է երկրի տոնացույցում` որպես Հաղթանակի օր:
Աղբյուրը՝ azatutyun.am