Ըստ իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունների՝ Վրաստանում մասնավոր կյանքի ազատությունը վտանգված է: Նոր տարվանից ուժի մեջ են մտնում «Տեղեկատվական անվտանգության մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն՝ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության օպերատիվ և տեխնիկական վարչությունը օժտված է հատուկ լիազորություններով:
«Նոր օրենքը Օպերատիվ-տեխնիկական գործակալությանը հնարավորություն է տալիս անմիջական մուտք ունենալ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի տեղեկատվական համակարգերին և համակարգերում պահվող անձնական և առևտրային տեղեկատվության անուղղակի հասանելիությանը», – ասվում է Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի հայտարարության մեջ։
Ըստ ՀԿ-ի՝ վարչությունն օժտված կլինի պետական ծառայողների տվյալների անվերապահ հասանելիությամբ և երկրի ցանկացած բնակչի մասնավոր տեղեկատվության պարզեցված հասանելիությամբ:
«Այս օրենքը հիմնովին փոխում է երկրում կիբերանվտանգության ճարտարապետությունը: Օպերատիվ–տեխնիկական գործակալությունը դառնում է համակարգող և վերահսկող գործակալություն», – հայտնում է Ազատություն Ռադիոկայանը՝ հղում անելով Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) վերլուծաբան Թեոնա Թուրաշվիլիին: Ըստ Թուրաշվիլիի, ընդունված փոփոխությունները հակասում են ԵՄ-ի նկատմամբ Թբիլիսիի ստանձնած պարտավորություններին:
Կազմակերպությունը մատնանշում է փոփոխությունների հակասահմանադրականությունը և գաղտնիության իրավունքի խախտումը: ՀԿ-ները շեշտում են, որ Պետական անվտանգության ծառայությունը «տոտալ վերահսկողություն» կստանա ինտերնետ տիրույթի նկատմամբ:
Իշխանություններն Օպերատիվ-տեխնիկական վարչությանը նոր լիազորություններով օժտելու որոշումը բացատրեցին երկիրը կիբերհարձակումներից պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Աղբյուրը՝ Sova.news