Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի Օկլոհոմա նահանգի, Տուսլա քաղաքում տեղի է ունեցել Օթար Երանոսյանի 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում, որն ավարտվել է ջավախքցի բռնցքամարտիկի հաղթանակով։
Օթար Երանոսյանի մուտքը պրոֆեսիոնալ ռինգ հաղթանակով մեկնարկեց, մարզիկը մինչև հիմա ունեցել է 10 մարտ, բոլորն անպարտ, որից 6-ը՝ նոկաուտով։
Օթարի 10-րդ մրցակիցը մեքսիկացի Ալեխանդրո Գուրերոն էր, ով իր կարիերայի ընթացքում գրանցել է 12 հաղթանակ, 1 պարտություն և 1 ոչ ոքի։
Օթարը Ալեխանդրո Գուրերոյին համարում է իր ամենաուժեղ մրցակիցներից մեկը և այս մարտը շատ կարևորում։
«Այս մարտն իմ ամենագլխավոր մարտերից մեկն էր, քանի որ ամենադժվար մրցակիցներիցս էր։ Այս մարտը ցուցադրում էին ԱՄՆ ամենագլխավոր հեռուստաալիքով՝ showtime-ով։ Այս հաղթանակիս սպասում էին իմ հարազատները, բարեկամները և մտերիմ մարդիկ։ Այսօր ես ցույց տվեցի ամբողջ Ամերիկային, որ ես ամենաուժեղն եմ իմ քաշային կարգում։ Աշխարհին ցույց տվեցի մեր ուժը, ջավախքցու ուժը։ Ես շատ հպարտ ու ուրախ եմ, որ Ջավախքից եմ, և միշտ բարձր կպահեմ մեր անունը», – JNEWS-ի հետ հարցազրույցում ասաց Օթար Երանոսյանը:
Նա մենամարտում է 59 կգ (150 փաունթ) քաշային կարգում։
Հարկ է նշել, որ սա Օթար Երանոսյանի 10-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։ Ջավախքցի բռնցքամարտիկը (Պիտբուլ կեղծանունով) շարունակում է իր դեբյուտը պրոֆեսիոնալ ռինգում: 2019 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ում Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը: