«Նոր դպրոցի մոդել» նախագծի շրջանակներում Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցն իրականացնում է «Ջավախքի մշակութային ժառանգության պաշտպանություն» նախագիծը:
«Նոր դպրոցական մոդել» նախագիծը մեկնարկել է 2019 թվականին և մինչ 2024 թվականը կներառի Վրաստանի բոլոր դպրոցները։ Նախագիծն իրականացվում է երկրի բոլոր շրջաններում, որին մասնակցում է 165 դպրոց: Նախագծի շահառուներն են 34 414 դպրոցական և 3 096 ուսուցիչ:
Ջավախքում նախագիծը դեռևս իրականացվում է Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցում, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները իրենց ուշադրությունը հրավիրել են Ջավախքի մշակութային ժառանգության պահպանության վրա: Նախագծի շրջանակներում երեխաներն այցելեցին երկու վայր՝ Ախալքալաքի բերդ և «Ամիրանիս գորա» բլուր, որոնք տեղացիներն անվանում են Տավշանկա:
«Մեզ թրեյնինգներ են անցկացվել «Նոր դպրոցի մոդելը» ծրագրի շրջանակներում: Մենք ուսումնասիրում ենք Ջավախքի մշակութային ժառանգությունը, ընտրել ենք երկու այնպիսի վայրեր` Ախալքալաքի բերդը և Ամիրանիս գորան, որտեղ պատմությունից կարդացել ենք, որ հնագույն բնակավայրեր են եղել: Ուսումնասիրում ենք, մաքրում ենք, էքսկուրսիաների ենք եղել: Այս թեմայով կոնֆերանս ենք ծրագրում անցկացնել: Մեր երեխաները լուսանկարել են այս վայրերը: Մենք պատրաստվում ենք բրոշյուրներ, բուկլետներ կազմել: Զբոսաշրջիկների համար կլինի ամբողջ տեղեկատվությունը: Մենք նաև պատրաստվում ենք ցուցանակներ տեղադրել, որոնք ցույց կտան ուղղությունները դեպի այս երկու պատմական վայրերը, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպես հասնել տվյալ վայրեր: Այս տարի մենք մեր երեխաներին ոչ մի այլ տեղ չենք տանի: Մեր մոտ մասնակցում են 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտներ: Հաջորդ տարվանից բոլոր դպրոցները կմասնակցեն այս նախագծին, և, բնականաբար, ներգրավված կլինի մեր ամբողջ դպրոցը», – ասում է թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Թամար Օձելաշվիլին:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ աշակերտները պատրաստում են տեսահոլովակ, որի շնորհանդեսը նախատեսվում է ամսվա վերջ:
«Նոր դպրոցի մոդելը» բարեփոխումների ամենակարևոր մասերից մեկն է հանդիսանում, որն իրականացվում է դպրոցներում և կենտրոնացած է ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև աշակերտների շրջանում քննադատական մտածողության զարգացման վրա: Նախագծի առաքելությունն է դպրոցներում ստեղծել անձնակենտրոն կրթական միջավայր, որը թույլ կտա բոլոր դեռահասներին իրացնել սեփական ներուժը և զինվել գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար: Բացի այդ, նախագիծը նպատակ ունի զարգացնել դպրոցական մշակույթը և բարելավել ուսուցման և դասավանդման որակը: Այս նպատակներին հասնելու համար, նախագծի շրջանակներում ստեղծված աջակցող խմբերը կաշխատեն ուսուցիչների հետ հետևյալ հիմնական ոլորտներում.
Կառուցողական ուսուցման սկզբունքների վրա հիմնված դպրոցական ուսումնական ծրագրի մշակում և իրականացում,
Դպրոցների կառավարման արդյունավետ մոտեցումների մշակում,
Թվային տեխնոլոգիաների ինտեգրումը ուսումնամեթոդական գործընթացին:
Դրա համար դպրոցներն ամբողջությամբ ապահովված կլինեն Wi-Fi-ով և համակարգչային սարքավորումներով: