Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման «յուրացման կամ վատնման» գործով մեղադրյալներից մեկը՝ Նարինե Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դատավճիռը կայացվել է հօգուտ մեղադրյալների:
«Մենք հաղթեցի՛նք դատը»՝ այսօր Նարինե Գինոսյանն այս բառերով է սկսվել իր ֆեյսբուքյան գրառումը:
«Մենք հաղթեցինք չնայած իմ և Անժելա Փութուլյանի բոլոր կառույցների կողմից հետապնդումներին՝ սկսած նախկին պատգամավոր Հենզել Մկոյանից, Սակրեբուլոյի նախագահից և նրա ներկայացուցիչներից, ավելի քան 3 տարի առաջ նրանց անհիմն մեղադրանքներից, այնուհետ ֆինանսական ոստիկանության հետապնդումներից և հարցաքննություններից, որոնք ոչնչի չբերեցին, իսկ հետո դատավարությունը, որը տևեց ավելի քան 2 տարի»:
Տվյալ դատական գործը անցյալ տարվա հուլիսի 19-ին հարուցել էր ֆինանսական ոստիկանությունը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և բյուջետային միջոցների յուրացման առթիվ: Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և նույն միավորման հաշվապահ Անժելիկա Փութուլյանին Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Վրաստանի ՔՕ 182-րդ հոդվածով, որը ենթադրում է «յուրացում կամ վատնում»: Ըստ գործի նյութերի՝ նրանք մեղադրվում էին պետական բյուջեից մինչև 9000 լարի գումար յուրացնելու կամ վատնելու մեջ:
Հիշեցնենք, որ այս գործը ընթացք ստացավ այն պատճառով, որ Նարինե Գինոսյանը պատգամավոր Հենզել Մկոյանին մեղադրեց սեռական ոտնձգության մեջ, իսկ քրեական գործի հարուցումը որակեց՝ նրա հետ ինտիմ հարաբերություններ ունենալուց հրաժարվելու առումով արձագանք: Ախալքալաքից և Նինոծմինդայից խորհրդարանական պատգամավորն այն ժամանակ հերքել էր ոտնձգության մեղադրանքը՝ այն որակելով կեղտոտ քաղաքական քայլ: Նարինե Գինոսյանի հայտարարությանը հետևեց արձագանքը, և նա հարցաքննվեց Շրջանային դատախազությունում, սակայն նրա փաստաբան Միրիան Նիկոլաձեն հաղորդեց, որ իր պաշտպանյալի հարցաքննությունը տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ Վրաստանի ՄԻՊ գրասենյակը այս հարցով դիմել էր դատախազությանը: Այնուամենայնիվ, դատախազությունը չէր հարուցել սեռական ոտնձգության առթիվ գործ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված հղումներով՝
Նարինե Գինոսյանի և Անժելիկա Փութուլյանի դատավարությունը հերթական անգամ հետաձգվել է
Ախալցիխեում քննարկեցին Նարինե Գինոսյանի սեռական ոտնձգության թեման
Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրենը Հենզել Մկոյանին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ
Հենզել Մկոյանն իր հանդեպ մեղադրանքները համարում է «կեղտոտ» քաղաքական քայլ
Նշենք, որ Նարինե Գինոսյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորի թեկնածու է: Նա առաջադրվել է «Գախարիա՝ հանուն Վրաստանի» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարի ներքո: