Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր տոնակատարություն։
Հրապարակը մարդաշատ էր, ամենուր կարելի էր տեսնել Վրաստանի և Եվրամիության ծածանվող դրոշներ, մարդիկ հավաքվել էին նշելու այս պատմական իրադարձությունը, որը մեկ քայլով ևս Վրաստանին մոտեցրեց իր եվրոպական նպատակին՝ դառնալու ԵՄ անդամ երկիր:
Միջոցառմանը ելույթ ունեցան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին, ավելի ուշ տոնակատարությանը միացավ նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Այսօր կարևորագույն օր է, Եվրամիության անդամ երկրները միաձայն որոշում կայացրեցին Վրաստանին տալ անդամակցության կարգավիճակ», «Առաջ Վրաստան, առաջ», – շնորհավորելով Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ նշեց Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:
«Մենք պայքարեցինք, քրտնաջան աշխատեցինք և միասին հաղթեցինք, մենք՝ կառավարությունն ու ժողովուրդն արժանիորեն նվաճեցինք Եվրամիության թեկնածուի կարգավիճակը։
Մենք շատ փորձությունների միջով անցանք, այս ճանապարհին հանդիպեցինք բազմաթիվ դժվարությունների, բայց արժանապատվորեն և վճռականորեն քայլեցինք այս ճանապարհով և հասանք այնտեղ, որտեղ այսօր ենք», – իր ուղերձում շեշտեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Միջոցառմանը մասնակցում էին ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև հայկական: «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան Jnews-ի հետ զրույցում նշեց, որ այս օրվան Վրաստանում ապրող ցանկացած քաղաքացի երկար է սպասել:
«Այս արդյունքին հասնելու համար մեզանից ցանկացածն իր ներդրումն ունի և սա շատ կարևոր էր մեր պետության համար, քանզի շատ փոփոխություններ են սպասվում և կրթական, և մնացած ոլորտներում: Ես կարծում եմ, որ հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր ապրում են Վրաստանում, նրանցից գերակշիռ մասն այս օրն իրենն է համարում»:
Բարձրաստճան պաշտոնյաների ելույթներին հաջորդեց տոնական համերգը, իսկ ավելի ուշ՝ ժամը 20:00 Թբիլիսիի Շոթա Ռուսթավելի պողոտայում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ «Թբիլիսի՝ եվրոպական քաղաք», ահա այս կարգախոսով կդիմավորի 2024 թվականը մայրաքաղաք Թբիլիսին։