Սեպտեմբերի 12-ին ընդդիմադիր Մթավարի հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան՝ «Մթավարի ակցենտեբի» հաղորդման շրջանականերում անդրադարձել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության գաղտնալսումների հերթական բացահայտմանը: Ըստ Գվարամիայի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածուները ՊԱԾ-ի գործակալներ են, այդ թվում՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետերի թեկնածուները: ՊԱԾ-ն այսօր հաղորդագրությում է տարածել, որում լրատվամիջոցներին կոչ է անում չտարածել չճշտված տեղեկատվություն:
Գվարամիայի խոսքով, ցուցակում ընդգրկված անձինք ՊԱԾ-ի գործակալներ են: Նրա ցուցակում տեղ են գտել նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածուներ՝ Անիվարդ Մոսոյանն ու Մելքոն Մակարյանը:
«Մելքոն Մակարյան. երկու գումարման սակրեբուլոյի անդամ է: Վրաստանում համալսարանը չի ավարտել, այդ պատճառով ընդունվել է Գյումրու մանկավարժական համալսարան, որը Վրաստանում հավատարմագրված համալսարան չէ: 2013 թ.-ին «Վրացական երազանքի» երիտասարդական թևի առաջնորդն է դարձել տեղական մակարդակով, 2014 թ.-ին տեղական ընտրություններին մասնակցում էր Կախա Կուկավայի բլոկի անունից, «Ազատ Վրաստան» խմբակցության նախագահն էր, 2017-ին արդեն «Երազանքից» էր: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին Ախալքալաքում ընտրական շտաբի պետ է եղել: Հավաքագրվել է 2010 թվականին, հանձնարարությունը՝ տեղական քաղաքական ուժերի մասին տեղեկություն կուտակել ու կենտրոն փոխանցելն է, մականունը՝ Կամո»։
«Անիվարդ Մոսոյանը 2008-2009 թվականներին դպրոցի տնօրեն է եղել Նինոծմինդայում, 2007-2011-ին ղեկավարել է Նինոծմինդայի Կրթական ռեսուրս կենտրոնը, 2014-2017 թ.-ին Նինոծմինդայի սակրեբուլոյի անդամ է եղել, Հենզել Մկոյանի կադրն է եղել, 2017-2021 թ.-ին, Նինոծմինդայի քաղաքապետ է եղել, հայտնվել է աուդիտի հաշվետվությունում` Հենզել Մկոյանի բենզինի կազմակերպությունից վառելիքը շուկայի գնից մի քանի անգամ ավելի թանկարժեք ձեռք բերելու համար, բյուջեին 200 000 լարիից ավելիի վնաս է հասցրել: Հավաքագրվել է հակահետախուզության դեպարտամենտի կողմից` 2007 թվականին: Գործակալական մականունը՝ Ագավա»:
Հրապարակված նյութերին այսօր անդրադարձել է Վրաստանի անվտանգության ծառայությունը և կոչ արել լրատվամիջոցներին և քաղաքական շահագրգիռ կողմերին զերծ մնալ ոչ ճշգրիտ և չստուգված տեղեկատվության տարածումից մինչև հետաքննության ավարտը, քանի որ նման տեղեկատվության վերարտադրումը վիրավորում է որոշ անձանց:
«Հասարակության բարձր հետաքրքրության պատճառով մենք կցանկանայինք արձագանքել վերջին օրերին լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը:
Ինչպես գիտեք, Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ մասնավոր հաղորդակցության գաղտնիության խախտման փաստով: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պատրաստ է սերտորեն համագործակցել Վրաստանի դատախազության հետ հետաքննության բոլոր փուլերում: Գերատեսչության օբյեկտիվ շահերից է բխում բոլոր հարցերին պատասխանելու համար բազմակողմանի և մանրակրկիտ հետաքննություն անցկացնելը», – ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ: