2018 թվականին Ախալքալաքի շրջանից 110 երիտասարդ է զորակոչվել Վրաստանի Ներքին գործերի, Արդարադատության և Պաշտպանության նախարարություններ:

Ախալքալաքի Զինվորական ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ ամբողջ տարվա ընթացքում 411 երիտասարդ ծանուցագիր է ստացել: Նրանցից միայն 110-ն է մեկնել ծառայության, որից 2-ը ալտերնատիվ ծառայության է զորակոչվել, այսինքն առողջույթան հետ կապված թույլ խնդիրների պատճառով նրանց ծառայությունը մի փոքր տարբերվում է՝ տևում է 18 ամիս, ծառայում են միայն աշխատանքային ժամերին: Հիվանդության պատճառով 32 երիտասարդ տարեկետում է ստացել, 238-ը ուսանող է, 26 զինակոչիկ արտասահմանում է եղել: 411-ից 3-ը այլ երկրի քաղաքացի են, իսկ 42 երիտասարդ էլ 2000-ական լարի է մուծել զինակոչը 18 ամիս հետաձգելու համար: Արդյունքում շուրջ 84 000 լարի Ախալքալաքի շրջանից փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, որից 10 տոկոսը վերադարձել է տեղական բյուջե:

Նշենք, որ նույն երիտասարդը ընդամենը երկու անգամ կարող է 2000 լարի մուծել և հետաձգել ծառայությունը մինչև 25 տարին լրանալը:

Զինվորական ծառայության պետ Ռուբեն Աբաջյանի խոսքերով, վերջին տարիներին Ախալքալաքում հետաքրքիր տենդենց է նկատվում: Բազմաթիվ երիտասարդներ ինքնակամ են ներկայանում, որպեսզի ծառայություն անցնեն:

«Հիմա շատ բան է փոխվել, նախկինի համեմատ: Գյուղեր ունենք, որտեղից երիտասարդները իրենք են ցանկություն հայտնում, որ ծառայեն», – ասաց Ախալքալաքի Զինվորական ծառայության պետ Ռուբեն Աբաջյանը:

Ախալքալաքից զինվորական ծառայության են մեկնում՝ Ներքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն և Արդարադատության նախարարություն: Վրաստանում զինակոչի տարիքը 18-ից մինչև 27 տարեկանն է:

Աղունիկ Այվազյան