Վրաստանի Կրթության նախարարության նախաձեռնությամբ ուսուցիչներն ու դպրոցականները կօգտվեն արտոնյալ ինտերնետ-փաթեթներից, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Կրթության նախարարության և Վրաստանում գործող երեք բջջային օպերատորների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ երկրի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները 2021-2022 ուստարվա ընթացքում կկարողանան օգտվել արտոնյալ ինտերնետ-փաթեթներից:
Հուշագրի նպատակն է համավարակի պայմաններում հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնել:
Բջջային օպերատորները ուսուցիչներին և ուսանողներին կառաջարկեն 20 GB շարժական ինտերնետի փաթեթը 10 լարիով, ինչը 2,5 անգամ ցածր է սովորական արժեքից: Այս քանակությունը թույլ կտա մեկ ամսվա ընթացքում միանալ առցանց ուսուցմանը:
Նախընտրելի ինտերնետ-փաթեթն ակտիվացնելու համար Վրաստանի մասնավոր և պետական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները պետք է մուտք գործեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հարթակ` www.mobile.emis.ge, նշեն իրենց անձնական համարը, ինչպես նաև գրանցեն իրենց հեռախոսահամարը:
Հարթակը կսկսի գործել սեպտեմբերի 15-ից:
Ինտերնետ փաթեթը վավեր է 30 օր: Ժամկետի ավարտից հետո չօգտագործված մեգաբայթերը չեղարկվում են:
Վատ համաճարակային իրավիճակի պատճառով Վրաստանի դպրոցները ուսումնական տարին սկսում են սեպտեմբերի 15-ից՝ առցանց: Այս ուսումնական ռեժիմը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը: Այնուհետև այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ վարակի մակարդակը կլինի 4%-ից ցածր, դասապրոցեսը կվերսկսվի դասարաններում, իսկ այն քաղաքներում և գյուղերում, որտեղ վարակի մակարդակը կլինի 4%-ից բարձր, դասապրոցեսը կշարունակվի հեռավար ձևաչափով: