Պատվաստված անձանց խրախուսելու համար վիճակախաղը մեկնարկում է այսօր, որի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 2 800 000 լարի:
Վիճակախաղը խաղարկվելու է ամեն օր՝ մինչև տարեվերջ: Բացի ամենօրյա խաղարկությունից, կլինի շաբաթական խաղարկություն, իսկ տարեվերջին կխաղարկվի 100 000 լարի:
Վիճակախաղի գումարները կհատկացվեն բյուջեից և վիճակախաղին կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի, ով գոնե մեկ անգամ պատվաստվել է:
Այսօր մեկնարկում է «Պատվաստվի՛ր և շահի՛ր» վիճակախաղը: Վրաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր գոնե մեկ անգամ պատվաստվել են, մասնակցելու են վիճակախաղին: Խաղարկությունը կլինի ամենօրյա, շաբաթական և ամփոփիչ: Ամենօրյա խաղարկությունում շահարկվում է 100 և 500 լարի: Ինչ վերաբերում է շաբաթական խաղարկությանը, ապա խաղարկվելու է 1 000-ից 10 000 լարի: Եզրափակիչ խաղարկությունը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ մրցանակային գումարը կկազմի 100 000 լարի: Վիճակախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 800 000 լարի: Վիճակախաղին կմասնակցեն մինչև 2021 թվականի սեպտեմբերի 13-ը պատվաստված քաղաքացիները, ինչպես նաև 2021 թվականի սեպտեմբերի 13-ից հետո պատվաստված քաղաքացիները», – ասել է Վրաստանի ազգային վիճակախաղի փաստաբան Քեթի Խուցիշվիլին:
Նրա խոսքով, շահելու մասին քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ www.stopcov.lotto.ge կայքից:
«Նրանք կարող են դիմել նաև Վրաստանի ազգային վիճակախաղի վաճառքի կետերին: Ամենօրյա և շաբաթական խաղարկությունում մրցանակը շահածների հետ կապ կհաստատվի հեռախոսով, իսկ տեղեկատվությունը կտրամադրվի www.stopcov.lotto.ge կայքից», – ասել է Քեթի Խուցիշվիլին:
Նրա խոսքով՝ վիճակախաղի ամփոփիչ խաղարկությունը կանցկացվի ուղիղ եթերում, բոլոր խաղացողների տոմսերը կտեղադրվեն տուփի մեջ և վիճակախաղի մասնակիցը կբացահայտի մեկ հաղթող: