Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը հրապարակում է առաջարկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափ ընդունած քաղաքացիների համար և խնդրում է հետևել սահմանված կանոններին:
Նույնիսկ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո հարկավոր է դիմակ կրել ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում, պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:
Քաղաքացիները պետք է հաշվի առնեն նաև քաղաքային և միջքաղաքային տրանսպորտով տեղաշարժման ժամանակ կիրառված սահմանափակումները, իսկ վարակին բնորոշ ախտանիշների արտաբերման դեպքում՝ կատարեն կորոնավիրուսի թեստ:
Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ին:
Բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութի 43 200 դեղաչափի խմբաքանակը Թբիլիսի է ժամանել մարտի 13-ին: Pfizer ամերիկա-գերմանական պատվաստանյութի լրացուցիչ 29 500 դեղաչափն էլ երկիր է առաքվել մարտի 25-ին:
Մարտի 25-ից Վրաստանը սկսել է պատվաստել ոչ միայն բժշկական հաստատությունների աշխատակիցներին, այլ նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիներին: Պատվաստանյութերը գրանցողները կարող են ընտրել երկու դեղերից մեկը՝ կամ Pfizer, կամ AstraZeneca:
Pfizer–ով պատվաստումը Վրաստանում կսկսվի մարտի 30-ին: Քանի որ այս պատվաստանյութի պահպանումը պահանջում է մինուս 80 աստիճան ջերմաստիճան, համապատասխան ենթակառուցվածքով հագեցած է վեց կլինիկա, դրանցից չորսը գտնվում են Թբիլիսիում, մյուս երկուսը՝ Բաթումիում և Քութաիսիում:
Պատվաստման համար հնարավոր է գրանցվել Վրաստանի առողջապահության նախարարության հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով: