Ախալքալաքի հիվանդանոցում օրական միջինը 120 մարդ է պատվաստում, որոնց մեծամասնությունը ուսուցիչներ են: Սակայն դպրոցներում ուսուցումն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, սկսվել է հեռավար կարգով, քանի որ երկրում պատվաստվող ուսուցիչների քանակը դեռ ցածր է մնում: JNEWS-ի փոքրիկ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ախալքալաքում պատվաստման պրոցեսը զանգվածային բնույթ ստացավ, երբ այդ գործընթացում ներգրավվեցին մանկավարժները: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ պարտադիր թեստավորումը երկրում հնարավոր է վճարովի դառնա:

Վրաստանում պատվաստման գործընթացը զանգվածային բնույթ տսացավ 2020 թվականի մարտ ամսին, այսօր օրական երկրում մոտավոր 27 000 մարդ է պատվաստվում: Սկզբնական շրջանում Ախալքալաքում բոլորը խուսափում էին պատվաստվել, չնայած նրան, որ համաճարակաբանները հորդորում էին բնակչությանը պատվաստվել վարակի դեմ առնելու համար: Ախալքալաքում նույնիսկ հիվանդանոցի բժիշկները չէին պատվաստվում, բայց Թբիլիսիից ժամանած կոլեգաները տեղեկատվական արշավ իրականացրին, ինչի արդյունքում բժիշկների մեծամասնությունը պատվաստվեց, սակայն սա խթան չէր ախալքալաքցիների համար:

Ամեն օր տարբեր ոլորտներում աշխատող պետական պաշտոնյաներ պատվաստում էին նաև Ախալքալաքում: Պատվաստվում էին նաև նրանք, ովքեր հաճախ են սահման հատում, բայց ուսուցիչները նույնիսկ չէին մտածում պատվաստվելու մասին: Պատվաստման նկարագիրն Ախալքալաքում կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 17-ին Գամղելիձեն հայտարարեց, որ այսուհետ ուսուցիչների թեստավորումն անվճար չի լինի, եթե չպատվաստվեն: Իսկ քանի-որ ուսուցիչները ամեն 14 օրը մեկ պարտադիր թեստ են հանձնում, նրանցից ոմանք որոշեցին պատվաստվել, որպեսզի հավելյալ միջոցներ չվատնեն:

JNEWS-ը փոքրիկ հետազոտություն է արել, պարզելու Ախալքալաքի շրջանի դպրոցներում դասավանդող ուսուցիչների քանի՞ տոկոսն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Հարցման արդյունքները, որն անցկացվել է սեպտեմբերի 8-ին, կարող եք ծանոթանալ ներքևի ինֆոգրաֆիկայում:

Untitled infographic
Infogram

Ախալքալաքի շրջանի ընդամենը 2-ում են բոլոր ուսուցիչները պատվաստվել, իսկ 4 դպրոցում՝ ոչ մի մանկավարժ չի պատվաստվել:

JNEWS-ի հետ զրույցում ուսուցիչները նշում են, որ չեն ցանկանում պատվաստվել, բայց քանի որ պարտադրում են, ստիպված են, հակառակ պարագայում ամեն երկու շաբաթը մեկ պետք է 110 լարի վճարեն թեստի համար, որն էլ ֆինանսապես ձեռնտու չէ: Հատկանշական է, որոշ ուսուցիչներ էլ նշում են, որ ցանկանում են պատվաստվել, բայց բերքահավաքից հետո, որպեսզի արևի տակ շատ չմնան պատվաստվելուց հետո: Համաձայն վրաց իմունոլոգների և ալերգոլոգների՝ արեւի տակ գտնվելը արգելված չէ պատվաստումից հետո, սակայն նրանք խորհուրդ չեն տալիս արևի տակ երկար լինել, քանի որ դա առանց պատվաստման էլ կարող է վտանգավոր լինել:

Պարտադրանք, որը չի պարտադրել…

Վահագնը (խմբ. անունը հատուկ է փոխված) Ախալքալաքի շրջանի դպրոցներից մեկում է դասավանդում, ավելի քան 40-ամյա աշխատանքային փորձ ունի: Նա գտնում է, որ ուսուցիչներին պարտադրում են պատվաստվել:

«Տեսեք մինչև հիմա ուսուցիչների թեստերը ձրի էր, դա արդյո՞ք ծախսի հետ էր կապված, եթե ծախս էր, ինչի են ձրի արել, հասկանում եք ամբողջը բիզնես է: Պարտադրում են, որ պատվաստվես, որտեղ է գրված, որ պարտադիր է, ուղղակի փողոցային խոսակցություն է: Ուզում են փողոցի խոսակցությունը օրենքի ձևով ներկայացնել»:

Միաժամանկ Վահագնը հարցադրում է անում, ինչի՞ անպայման դպրոց. «Վերցնենք ցանկացած աշխատող մարդու, եթե մանավանդ օնլայն է, եթե դու մարդուն աշխատանքից զրկում ես, հիմա այդ մարդը վիրուսից է մահանալու, թե սովից ի՞նչ նշանակություն ունի: Պետության ղեկավարման այս ձև ոչ ոքի համար ընդունելի չէ»:

Վահագնը չի պատրաստվում պատվաստվել, եթե նույնիսկ դպրոցից հեռացման հարցի առաջ կանգնի և կիսում է այն մանկավարժների մտավախությունները, որ հանկարծ պատվաստանյութն ընդունելուց հետո իրենց «քնած» խնդիրները չարթնանան ու գլուխ բարձրացնեն: Նա վստահ չէ, կորոնավիրուս եղել է, թե՝ ոչ, բայց ենթադրում է, որ թեթև է տարել:

«Ես ամենավատ տարիքային խմբում եմ գտնվում, 70 անց մարդ եմ, իմաստը ո՞րն է իմ պատվաստվելու: Մի տարի առաջ այնպիսի միջավայրում եմ եղել, որտեղ վարակը շատ է եղել, իհարկե, ենթադրություն է դա, բայց տնեցիք ասում են, որ վարակվել եմ, մի օր տաքություն եմ ունեցել: Եթե ես կարող եմ լինել ու անցնել, ապա սրսկվելու իմա՞ստը»,- ասում է Վահանը:

matemi das

Վահագնը գտնում է, որ պետությունը սխալ է կառավարում կորոնավիրուսի տարածումը:

Նա մտահոգ է՝ եթե պետությունը տարբեր երկրներից տարբեր պատվաստանյութ է գնել, ուրեմն դա նշանակում է, որ այդ պատվաստանյութերը դեռևս փորձարկման տիրույթում են գտնվում, իսկ եթե փորձարկումն անցել էր, ուրեմն պետությունը հաստատ մի պատվաստանյութի վրա կանգ կառներ՝ ամենաէֆեկտիվի ու նվազ վնասակարարի: Իրականում, բոլոր պատվաստանյութերը անցել է փորձարկման բոլոր փուլերը, և Pfizer ստացել է ամբողջական թույլտվություն:

«Ասում են 4 տոկոսից պակաս պետք է լինի, որ դպրոցները բացեն: Դա նշանակում է, որ վարակը կա, իսկ եթե կա, դրա ավելն ու պակասը ո՞րն է, չէ ո՞ր ավտոմատ կերպով մարդկանց մեջ կարող է տարածվել: Ես դեմ եմ պատվաստմանը: Ամեն մարդ մինչև չստուգվի, չի կարելի սրսկվել, շատ հասարակ մի օրինակ. բժիշկը մինչև հիվանդության ուսումնասիրություն չի կատարում, մարդուն բուժում չի նշանակում: Կարող է, մարդը այնպիսի ոչ արտահայտիչ հիվանդություն ունենա, որ տվյալ պատվաստանյութը սրսկվի ու մահանա: Մեր հասարակության 90 տոկոսը չգիտի ինչ պերսպեկտիվ կա իր առողջության հետագա զարգացումների մեջ և այդ թվում մեզանից ցանկացածը»,- հավելում է մաթեմատիկայի ուսուցիչը:

Որոշում, որը նաև ընտրություն էCovid-passford
Պատվաստման վկայականը

Երիտասարդ ուսուցիչը որոշել է պատվաստվել, ոչ միայն իր առողջության, այլև շրջապատի, աշակերտների համար, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս արագ դասապրոցեսը վերսկսել դասասենյակներում:

Սոֆյայի ամուսինը նստել ու ուսումնասիրել է Վրաստանում եղած բոլոր պատվաստանյութերի ազդեցություն ու վարակից պաշտպանվածության աստիճանը: Այնուհետև, ամուսնինները միասին գնացել են Ախալքալաքի հիվանդանոց ու պատվաստվել: Սոֆյան լավ է հիշում այն տեսարանը, երբ նույնիսկ բժիշկներն են զարմացած հարցրել, թե ինչու է նման որոշում կայացրել:

Վերջինս պատմում է, որ իրենք ընտանիքով չեն վարակվել, որպեսզի վարակվելու դեպքում հեշտ տանեն:

«Երբ սկզբից իմացա, որ Ախալքալաքում շատ-շատ են վարակակիրները, որոշեցի դադարեցնել պարապունքները, շատ վախեցած էի: Հետո, որ պատվաստել սկսեցին ամուսինս մտածում էր Թիֆլիս գնանք պատվաստվելու: Հետո մինչև ուսումնասիրեցինք որոշեցինք, որ գնանք արդեն Ախալքալաք սկսեցին պատվաստվել: Պատվաստվեցի, քանի որ առաջինը վիրուսը վերջապես վերանա, չհիվանդանանք: Ավելի լավ է պատվաստվենք, որ չհիվանդանանք, իսկ հիվանդանալու դեպքում թեթև տանենք», -ասում է Սոֆյան:

Պատվաստման օրը Սոֆյան շատ անհանգիստ է եղել, գիշերը գրեթե չի քնել:

«Ինչ իմանաս ինչ կլինի: Մտածում էի կարող է ուշաթափվեմ, վատ լինեմ, մարդ ես ամեն ինչ մտածում ես: Ես թեթև ալերգիա ունեմ, ասում էին ալերգիկներին չի կարելի, մտածում էի ինչ է լինելու: Բայց բժիշկները հանգստացրին, մինչև ստուգեցին, հարցաթերթիկը լրացրին ու սրսկեցին: Պատվաստվելուց հետո ասացին 45 րոպե պետք է սպասենք, րոպեն տարի էր թվում, հիմա եմ ծիծաղում հիշում, բայց այդ ժամանակ դժվար էր»,- հիշում է տարրականի ուսուցչուհին:

Սոֆյայի մայրը լսելով, որ աղջիկը պատվաստվել է, երկու օր անց ինքը ևս գնացել է պատվաստման, շղթայական ռեակցիայով պատվաստվել է Սոֆիայի բարեկամների ու ընկերներիի զգալի մասը:

Սեպտեմբերի 13-ի տվյալներով, Վրաստանում հանրակրթական դպրոցների ուսուցիչների 58%-ն արդեն պատվաստվել է, ներառյալ նրանք, ովքեր ստացել են միայն մեկ դեղաչափ: Իսկ մասնավոր դպրոցներում պատվաստումների մակարդակը 64% է կազմում: Հատկանշական է, որ ամենաշատը պատվաստվել են մայրաքաղաքի դպրոցների ուսուցիչները՝ 70%: Կորոնավարակի տարածման մակարդակն ուսումնասիրվում է բարձրլեռնային 332 դպրոցներում, որտեղ սովորում է 10 000 աշակերտ, դասավանդում է մինչև 6700 ուսուցիչ: Հարկ է նշել, որ բարձր լեռնային շրջանների դպրոցներում անձնակազմի 25%-ը պատվաստված է:

Աղունիկ Այվազյան