Ախալքալաքի մշակույթի տունը կառուցումից ի վեր չի նորոգվել։ Հիմա այնտեղ երեխաները փորձեր են անում, պարապում, սակայն շատ վատ պայմաններում: Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի քաղաքապետարանից՝ Մշակույթի տան նորոգման նախագիծ դեռ չկա։

Բացի այն բանից, որ շենքում շատ ցուրտ է, չկան նաև համապատասխան պայմաններ պարապելու, փորձեր անելու համար: Պարի դասաժամերն ընթանում են ցուրտ ու հատակը քանդված սենյակներում, որտեղ նույնիսկ հայելիներ չկան, ավելի ճիշտ դրանք որպես այդպիսին կան, բայց հին պահարանների հայելիներն են: Այնպես են արել, որ սենյակը գոնե փոքր-ինչ նմանվի պարի սենյակի։

Մշակույթի տան ներկայացուցիչներն իրենց միջոցներով միջանցնքերի որոշ հատվածներում, որտեղ շատ մեծ փոսեր են եղել, ծածկել են փայտե տախտակներով:

Սանիտարահիգիենիկ ոչ մի պայմանի չի համապատասխանում սանհանգույցը, քանդված ու ջարդված է սալահատակը, իսկ պատերը՝ խունացած։

Քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե՞ արդյոք նախատեսվում է մշակույթի տան վերանորոգում:

Քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Վալերի Ստելմաշովն ասաց՝ այս տարվա համար վերանորոգման կոնկրետ նախագիծ չկա։

«Կոնկրետ նախագիծ չկա, սակայն միտք կա։ Ներկա դրությամբ ոչ նախագիծ կա, ոչ էլ գումար: Բայց միտք կա վերանորոգելու, ուղղակի տարածքը շատ մեծ է, շատ գումար է հարկավոր։ Քաղաքի փողոցների վերանորոգման աշխատանքներ են ընթանում, խոստացել են, որ շենքի դիմային հատվածը կվերանորոգեն, դռներն ու պատուհաները կփոխեն, բավականին մեծ օգուտ կլինի, տեսնենք, տնտեսում լինի կանենք», – ասաց Վալերի Ստելմաշովը։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ավելի քան չորս տասնամյակ վերանորոգման «կարոտ» մշակույթի տունը