Կրթության նախարարությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Վրաստանում կանցկացնեն համատեղ միջոցառումներ՝ ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը հանրահռչակելու նպատակով: Այս մասին հայտարարվել է կրթության նախարար Միխեիլ Չխենկելիի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հասան Խալիլի հանդիպումից հետո:

Չխենկելին ընդգծել է, որ դպրոցականների և ուսանողների առողջությունը պաշտպանելու համար չափազանց կարևոր է կրթական համակարգի աշխատակիցների պատվաստումը COVID-19-ի դեմ: Նա Խալիլին իրազեկել է նաև ոլորտի ներկայացուցիչներին պատվաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Ինչպես հայտնել է նախարարը, ամբողջ Վրաստանի իմունացման բոլոր կենտրոններն ունեն լրացուցիչ պատվաստասենյակներ՝ կրթական ոլորտի ներկայացուցիչների համար: Այնտեղ մանկավարժները կարող են պատվաստել առանց նախնական գրանցման՝ երկրում հասանելի ցանկացած պատվաստանյութով:

«Ստեղծված են այնպիսի պայմաններ, որ կրթության ոլորտի աշխատակիցները հեշտությամբ պատվաստվեն և այդպիսով հոգ տանեն միմյանց և ապագա սերնդի մասին», – Չխենկելիի խոսքը մեջբերում է Կրթության նախարարության մամուլի ծառայությունը:

Իր հերթին, Խալիլը հայտնել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վրաստանի ողջ տարածքում ուսուցիչների համար անցկացնում է տեղեկատվական հանդիպումներ՝ COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ: Այս միջոցառումներն անցկացվում են առողջապահության ոլորտի հայտնի փորձագետների և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչների կողմից: Խալիլի խոսքով՝ հանդիպումներից հետո շատ ուսուցիչներ որոշում են մասնակցել պատվաստման գործընթացին:

Համաճարակաբաններն ու Վրաստանի կառավարության անդամները բազմիցս նշել են, որ առկա ուսուցման մեկնարկի ժամկետը կարող է կախված լինել կրթական հաստատությունների աշխատակիցների պատվաստման տեմպերից: Չնայած հատուկ պայմաններին և մի շարք արտոնություններին, ուսուցիչների ներգրավվածությունը մնում է ցածր: Ըստ կրթության նախարարության պաշտոնական տվյալների, օգոստոսի 5-ի դրությամբ վրացական դպրոցների 1,1 հազար աշխատակից է պատվաստվել, որից միայն 282-ն է ստացել երկու դեղաչափ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը օգոստոսի 10-ին հասել է 664 997-ի, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր բնակչության ավելի քան 17,8%-ը: Երկու դեղաչափերն էլ ստացել է 204 234 քաղաքացի, ինչը կազմում է բնակչության 5,3%-ը:

Աղբյուրը՝ Newsgeorgia