Վրաստան է բերվել չինական Sinopharm ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնը:
«Sinopharm—ի առաջին դեղաչափի գրանցումն արդեն հնարավոր է», – ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
NCDC-ում չեն հստակեցնում, թե որքան դեղաչափ է ներկրվել երկիր: Իսկ Առողջապահության նախարարության կայքում նշված է, որ ներկայումս Sinopharm պատվաստման համար ավելի քան 132,8 ազատ տեղ կա:
Պատվաստվել ցանկացողները կարող են նախապես ամրագրել այցը, կամ պատվաստում կատարել պատվաստումների կետերում՝ կենդանի հերթ պահելով։
Վրաստանում Sinopharm պատվաստման համար գրանցումը դադարեցվել էր օգոստոսի 27-ին, քանի որ այդ դեղամիջոցի պաշարներն ավարտվել են: Մինչ այժմ երկրում Sinopharm-ը հասանելի է եղել միայն նրանց համար, ովքեր արդեն ստացել են առաջին դեղաչափը կամ գրանցվել են առաջին ներարկման համար մինչև օգոստոսի 27-ը:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ից՝ փուլ առ փուլ ընդգրկելով բնակչության նորանոր խմբեր:
Սեպտեմբերի 5-ի դրությամբ երկրում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 314 104 պատվաստում: Ընդ որում, ամբողջությամբ պատվաստվել է 475 748 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 16,7 տոկոսը:
Այս պահին Վրաստանում թույլատրված է Pfizer դեղամիջոցով 16 տարեկանից մարդկանց պատվաստումը: 45 տարեկանից բարձր անձինք կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18 տարեկանից բարձր անձինք՝ Sinovac–ը կամ Sinopharm-ը: