JNEWS-ը զրուցել է Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանից Թբիլիսիում սովորող հայ ուսանողների հետ, ովքեր այս կամ այն չափով իրենց վրա են զգացել վրաց հասարակության մեջ ինտեգրման բարդություններն ու դրական շփումները: Նրանք խոսում են իրենց բնակավայրերում ինքնության պահպանման և Վրաստանում ազգային փորքամասնությունների իրավունքների պաշտպանության մասին:
JNEWS: Ինչքանո՞վ եք դուք ձեզ համարում ինտեգրված վրաց հասարակությունում:
Էդիկ. Մառնելուլի շրջան, գյուղ Շահումյան: Վրաց հասարակության մեջ լինելով հարմարված և տիրապետելով պետական լեզվին, ես ինձ համարում եմ ինտեգրված, ինչը չեմ կարող չնշել, որ վրաց հասարակության դրական վերաբերմունքի արդյունքն է։
Կարինա. Ծալկայի շրջան, գյուղ Ղզրքիլիսա: Չունենալով կոմպլեքսներ հասարակության հետ շփման մեջ և տիրապետելով պետական լեզվին, կարծում եմ, որ ես ինտեգրված եմ:
Էրիկ. Մառնելուլի շրջան, գյուղ Կիրովկա: Պատական լեզվի չիմացությունը հանդիսանալով խանգարող հանգամանք ամբողջական հաղորդակցման գործում, ես ինձ ոչ լիարժեք, բայց համարում եմ ինտեգրված, քանի որ լիարժեք չեմ տիրապետում վրացերենին։
JNEWS-ի երեք զրուցակիցներն էլ վստահ են, որ ինտեգրացիան դա հասարակության լիիրավ անդամ լինելն ու հասարակության կյանքով ապրելն է:
JNEWS: Ի՞նչ գիտեք Վրաստանի այլ բնակավայրերում ապրող հայերի և նրանց խնդիրների մասին, արդյո՞ք ձեր խնդիրները տարբերվում են նրանց խնդիրներից:
Էդիկ. Մառնելուլի շրջան, գյուղ Շահումյան: Կարծում եմ, որ Վրաստանի հայկական բնակավայրերում հայկական դասագրքերի պակասը հրատապ խնդիր է, քանի որ դա հանգեցրել է մայրենի լեզվի ուսուցման հետ կապված խնդիրների: Իմ կարծիքով, այդ պատճառով է, որ հայերի մի մասը հայերեն գրել կարդալ չգիտի:
Կարինա. Ծալկայի շրջան, գյուղ Ղզրքիլիսա: Ուզում եմ նշել մի խնդրի մասին, որը համարում եմ ամենացավոտը, դա օտարության զգացումն է և հայրենիքի հանդեպ կարոտը:
Էրիկ. Մառնելուլի շրջան, գյուղ Կիրովկա: Հայկական համայնքի լուրջ խնդիրներից է արտագաղթը, ինչի արդյունքում հայերի թվաքանակը Վրաստանում զգալի նվազել է:
JNEWS: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անեն հայկական համայնքները իրենց ինքնությունը պահպանելու համար:
Էդիկ. Մառնելուլի շրջան, գյուղ Շահումյան: Կարծում եմ, որ այս հարցում իր մեղավորությունն ունի նաև Հայաստանը, քանի որ Մառնեուլի շրջանի հայերս մատնված ենք բացարձակ անտարբերության, ի տարբերություն Ջավախքի՝ որտեղ պարբերաբար անցկացվում են տարբեր միջոցառումներ:
Կարինա. Ծալկայի շրջան, գյուղ Ղզրքիլիսա: Ճիշտ է, Ծալկայի շրջանում հայ համայնքը բավականին ակտիվ է, բայց կան խնդիրներ, որոնց համայնքը մատնել է անուշադրության, օրինակ՝ շրջանի շատ գյուղեր ունեն հայկական դասագրքերի պակաս, բայց համայնքը չի գործում և խնդիրը ավելի է սրվում:
Էրիկ. Մառնելուլի շրջան, գյուղ Կիրովկա:: Հայկական համայնքը Մառնեուլի շրջանում բավականին պասիվ է, ինչը բացասաբար է անդրադառնում համայնքում մայրենի լեզվի ուսուցման վրա: Կարծում եմ, որ այս ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու:
JNEWS: Ի՞նչ եք մտածում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Վրաստանի վարած քաղաքականության մասին:
Էդիկ. Մառնելուլի շրջան, գյուղ Շահումյան: Վրաստանի վարած քաղաքականությունը դրական է, քանի որ բոլորն ազատ են ընտրության հարցում, ինչի վառ ապացույցներից մեկը 2009 թվականից տրված իրավունքն է, որի արդյունքում կարողացանք ԲՈՒՀ ընդունվել արտոնյալ կարգով, խոսքը «1+4» ծրագրի մասին է:
Կարինա. Ծալկայի շրջան, գյուղ Ղզրքիլիսա: Ի տարբերություն շատ այլ երկրների Վրաստանում խտրականության դեպքերը հասցված են նվազագույնի, նաև պաշտպանված են ազգային փոքրամասնություների իրավունքները:
Էրիկ. Մառնելուլի շրջան, գյուղ Կիրովկա: Վրաստանում փոքրամասնություներն անկախ կրոնից և ազգությունից, ինչպես և վրացիները ունեն հավասար իրավունքներ, ինչը փաստում է Վրաստանի դրական ներքին քաղաքականության մասին:
Գրիշա Մկրտչյան