2020 թվականին Վրաստանում քաղցկեղ է ախտորոշվել 9435 մարդու մոտ, ինչը 9.6%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ տարում տվյալ հիվանդությունը ախտորոշվել էր 10 339 քաղաքացու մոտ:
Վիճակագրությունը տրամադրում է Վրաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC):
Ըստ վիճակագրության՝ 2020 թվականին քաղցկեղի բոլոր նոր դեպքերի 54%-ը գրանցվել է կանանց, իսկ 46%-ը՝ տղամարդկանց մոտ:
Նոր դեպքերի 68%-ը 30-70 տարիքային խմբում է գրանցվել, 28%-ը՝ 70 և բարձր տարիքային խմբում, իսկ դեպքերի 1%-ը՝ 0-15 և 15-20 տարիքային խմբերում:
Ինչ վերաբերում է մահացությանը, ապա 2020 թվականին Վրաստանում քաղցկեղից մահացել է 8 024 մարդ, իսկ նախորդ տարի՝ 7 873 մարդ: Մահացությունների մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմում են շնչափողի, բրոնխների, թոքերի (15%) և կրծքի (10%) քաղցկեղը:
Ըստ NCDC-ի՝ Վրաստանում կրծքի, վահանաձև գեղձի, ուղիղ աղիքի և հաստ աղիքի քաղցկեղն առավել տարածված է կանանց շրջանում: Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում են շագանակագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքերի և հաստ աղիքի քաղցկեղը:
Երեխաների շրջանում, ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, առավել հաճախ հանդիպում են հետևյալ չարորակ նորագոյացությունները ՝ լեյկոզ, լիմֆոմաներ, ուղեղի և ողնուղեղի ուռուցքներ:
NCDC-ն հիշեցնում է, որ երկրում գործում է քաղցկեղի սքրինինգի ծրագրեր. 40-ից 70 տարեկան կանանց կրծքի քաղցկեղի սքրինինգ, արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ 25-ից 60 տարեկան կանանց համար, շագանակագեղձի քաղցկեղի ստուգում 50-70 տարեկան տղամարդկանց համար, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ 50-ից 70 տարեկան քաղաքացիների համար:
Այս բոլոր հետազոտությունները հիվանդներն անցնում են անվճար: