Ախալքալաքում արդեն երրորդ ամիսն է ընթանում կենտրոնական հատվածի շենքերի ճակատային մասերի վերանորոգման աշխատանքներ, բայց ոչ տեղական իշխանությունում, ոչ էլ աշխատանքները վերահսկող ընկերությունում չգիտեն, թե վերջնարդյունքում քաղաքի կենտրոնն ինչ տեսք է ունենալու:
«Նախագիծը իմ մոտ չկա, չեն ներկայացրել։ Ես ասացի, նախագիծը բերեք, իմանանք ինչ պատասխանենք հետաքրքրվող անձանց։ Սպասում եմ, որ նրանց հետ հանդիպեմ: Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ գույնի է ներկվելու, որ շենքերի ճակատային մասերն են հաստատ վերանորոգվելու: Ես չգիտեմ, միանման կլինի, թե տարբեր գույնի», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։
Jnews-ը դիմեց նաև էլեկտրոնային մրցույթը հաղթած, շինարարական աշխատանքները վերահսկող «ՍՊԸ Գիտական, դիզայն-տեխնոլոգիական ձեռնարկությունների արդյունաբերություն» ընկերությանը: Այստեղից մեզ պատասխանեցին, որ նրանք վերահսկողություն են անցկացնում կատարվող աշխատանքին և մանրամասներ չեն կարող տրամադրել։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում զբոսաշրջության զարգացման նպատակով, իրականացնում է «Թարմացված մունիցիպալիտետ» ծրագիրը, որը ենթադրում է կենտրոնական փողոցի և քաղաքի կենտրոնական հրապարակի և շենքերի ճակատային մասերի վերականգնում:
Վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Դելտա Մշենեբլեբի» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կենտրոնական փողոցի 4 շենքի ճակատային մասերի և քաղաքապետարանի դիմացի պուրակի վերանորոգումը սկսվել է այս տարվա հունիսին: Մշակույթի տան ճակատային մասի վերականգնումը հետաձգվել է, քանի որ շինարարական ընկերության աշխատակիցների խոսքերով՝ աշխատանքը ծավալուն է, և հնարավոր է, որ մինչև ցրտերն ընկնելը չհասցնեն այն ավարտին հասցնել, ուստի այդ աշխատանքները հետաձգվել են և կիրականացվեն նախագծի երկրորդ փուլի շրջանակներում` մինչև 2022 թվականի գարուն: Այս տարի նախատեսվում է ավարտել մասնավոր տների ճակատային մասերի և պուրակի վերանորոգման աշխատանքները: