Վրաստանը մնացել է առանց բնակչության բնական աճի՝ մահացածների թիվը 2020 թվականին գերազանցել է նորածինների թվին: Ժողովրդագրագետները դա, ի թիվս այլ բաների, կապում են կորոնավիրուսային համավարակի հետ և կանխատեսում են, որ պատկերը մոտակա տարիներին շատ չի բարելավվի: Այս մասին հաղորդվում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հոդվածում:
2007 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստանում մահացության թիվը գերազանցել է ծնելիության թիվը: Եթե 2019-ին բնական աճը կազմում էր 1 637 մարդ, ապա 2020-ին այս սյունակում գրանցվել է մինուս 4 017: Քովիդ-համավարակը Վրաստանում մահացությունը շատացել է 5,1%-ով:
Բացի այդ, 2020 թվականի տվյալների համաձայն, ամուսնացածների թիվը մոտ 7 հազարով պակաս է, քան 2019 թվականին՝ 16 359 մարդ:
«Ինչ վերաբերում է ծնելիության մակարդակին, ապա տարեցտարի ամուսնությունների թիվն այնպես էլ նվազում էր, սակայն այստեղ մենք տեսնում ենք շատ մեծ կրճատում: Թե՛ ամուսնությունները, թե՛ ամուսնալուծությունները, հնարավոր է, հետաձգվել են այն պատճառով, որ վարչական մարմինները չէին աշխատում», – ասում է «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Պաատա Շավիշվիլին:
Վրաստանում ամուսնալուծությունների թիվը տարեցտարի աճում է, ամեն երրորդ ամուսնությունը խզվում է, սակայն ժողովրդագետ Գիա Մելաձեն ասում է, որ ապագայում ամուսնալուծությունների թիվը կարող է էլ ավելի աճել և հասնել 50%-ի:
Ժողովրդագրագետները կանխատեսում էին, որ ծնելիության մակարդակը կնվազի նույնիսկ առանց համավարակի գործոնի, քանի որ Վրաստանում այսօր երեխաները ծնվում են 1990-ականներին ծնված կանանցից, և այդ տարիներին ծնելիության մակարդակը շատ ցածր էր:
«Վրաստանում ծնելիության նվազումը սպասելի էր, ես դրա մասին գրել եմ 10 տարի առաջ, քանի որ աղջիկների սերունդը կրճատվել է: Եթե մինչեւ 90-ական թվականները տարեկան ծնվում էր մոտ 90 հազար երեխա, ապա 90-ականներին այս ցուցանիշը գրեթե կիսով չափ կրճատվել էր:
Վրաստանն այնպես էլ ծնելիության բարձրացման ներուժ չուներ, և կորոնավիրուսն ամեն ինչ ավելի բարդացրեց: Ենթադրում եմ, որ հետագայում ծնելիության մակարդակը շատ չի փոխվի: Առաջիկա 8-10 տարիների ընթացքում ծնելիության նվազում է սպասվում, բնակչությունը նույնպես կկրճատվի, ամեն դեպքում, մենք չենք դառնա ավելին, քան հիմա ենք»,- ասում է ժողովրդագետ Գիա Մելաձեն:
Ժողովրդագրագետներն ակնկալում են, որ Վրաստանի 2021 թվականի տվյալները նույնիսկ ավելի ծանր կլինեն, քան 2020 թվականին էին, քանի որ 2021 թվականին համավարակն ամեն օր խլում է տասնյակ մարդկանց կյանքեր և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ծնելիության անկման:
Շատ կանայք որոշել են հետաձգել հղիությունը կորոնավիրուսի պատճառով, հատկապես դելտա-շտամի ի հայտ գալուց հետո:
«Շատ կանայք ձեռնպահ են մնում հղիությունից: Կամ նրանք պլանավորում են հղիությունից առաջ պատվաստվել: Այնուամենայնիվ, ոմանք վախենում են պատվաստվելուց», – ասում է Ղուդուշաուրիի անվան ազգային բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Սոփո Թամազաշվիլին:
Մասնագետն ընդգծում է, որ պատվաստումն անհրաժեշտ է հղիների համար, քանի որ պատվաստանյութը, հատկապես Pfizer-ը, չի վնասում ո՛չ հղի կնոջը, ո՛չ պտղին:
Փորձագետները նաև նշում են, որ իրենք չեն կարող հստակ ասել, թե ինչպես համավարակը կազդի ժողովրդագրական պատկերի վրա ապագայում, քանի որ հայտնի չէ, թե որքան երկար կտևի այն: