Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։ Տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունից:
«Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- նշված է հաղորդագրությունում:
Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը 2019-2020 թվականներին հոգևոր ծառայություն է իրականացրել Ջավախքում: 2019 թվականի մարտ ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության էր կոչվել Վիրահայոց թեմում: Նա նշանակվել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ: