Ախալաքալաքի շրջանի Գոման գյուղում այսօր` հոկտեմբերի 27-ին, նշել են Սուրբ Գրիգոր Լուսավերիչ եկեղեցու բացման, վերաօծման մեկ տարին:

Ծնունդով գոմանցի՝ ռուսաստանաբնակ Ռուբեն Բանդիկյանի և որդու՝ Դավիթի ֆինանսավորմամբ 2021 թվականին սկսվել էր Աստծո տան հիմնանորոգումը: 2023 թվականի հոկտեմբերին եկեղեցու դռները, գրեթե մեկ դար անց նորից բացվել է հավատավոր մարդկանց առաջ: Խորհրադային տարիներին Գոմանի եկեղեցին ծառայել է որպես գարու, ցերենի պահեստ: Սակայն անցած տարի գյուղում մեծ շուքով չէին նշել սրբատեղիի բացումն ու վերաօծումը, որովհետև Արցախի հայաթափումից հաշված օրեր էին անցել: Եկեղեցու բակում այսօր իսկական տոնախմբություն է եղել: Հայաստանից, Ռուսաստանից տասնյակ գոմանցիներ եկել են իրենց հայրենի գյուղ՝ մասնակցել պատարագի մատուցմանը:

Գոմանցիների խոսքերով, մեկ տարվա ընթացքում՝ եկեղեցու բացումից հետո գյուղում հոգևոր կյանքը կտրուկ զարթոնք է ապրել: Ամեն կիրակի պատարագ է մատուցվում, նշում են Հայ առաքելական եկեղեցու բոլոր տոները:

Միջոցառմանն այսօր ներկա են եղել Ախալաքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Կարդացեք նաև՝

Գոման գյուղում հայկական Խաչ է տեղադրվել (Photo)