Վրաստանում կորոնավիրուսից մահացության մակարդակը կազմում է 1.3%, և երկրում ստեղծված բարդ համաճարակային իրավիճակից ելնելով՝ վարակից մահվան դեպքերի թվի նվազում դեռ չի սպասվում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսային վարակից մահացել է 79 մարդ, ինչը նոր ռեկորդ է ամենօրյա մահացության ցուցանիշի առումով:
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 7000-ը և կազմում է 7 028 մահվան ելք:
Սրա հետ մեկտեղ, միայն օգոստոսին՝ վիրուսի տարածման «չորրորդ ալիքի» ընթացքում, Վրաստանում մահացել է 1212 կորոնավիրուսով վարակված պացիենտ:

Գաբունիան ընդգծել է բարդ դեպքերի ժամանակին հայտնաբերման և նման հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու կարևորությունը:

«Առայժմ մահացության թվաքանակի նվազում չի սպասվում: Ակնկալվում է, որ մահերի թիվը կլինի 1.3%-ին [վարակվածներից] համաչափ, ինչին մենք պետք է սպասենք: Այլ ելք բժշկությունը չի կարողացել գտնել, որպեսզի մահացությունը նվազի», – ասել է Գաբունիան:

Վերջինիս խոսքով, կա սպասում, որ վարակի տարածման բարձր մակարդակը կշարունակվի, և այս ցուցանիշի անկումը նույնպես շատ դանդաղ կլինի:

Համաճարակային բարդ իրավիճակում Գաբունիան կարծում է, որ օգոստոսի 25-ին Վրաստանում կատարված պատվաստումների թիվը համարում է «շատ ցածր»՝ 26 հազար պատվաստում:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 4 128 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է վարակման ավելի քան 532 հազար դեպք, նրանցից ավելի քան 468 հազարը բուժվել են, 7028-ը՝ մահացել: