Վաղը՝ հոկտեմբերի 27-ին, մայրաքաղաքում Վրաստանի իշխանությունները մեծ հանրահավաք են ծրագրում անցկացնել: Ախալքալաքում հիմնականում դպրոցների, մանկապարտեզների և այլ պետական հաստատություններում աշխատողներին ցուցակագրում և «ստիպում» են, որ Թբիլիսիում մասնակցեն իշխանության հանրահավաքին:

Ինչպես JNEWS-ին հայտնի դարձավ, Ախալքալաքի շրջանի գյուղերի, ինչպես նաև քաղաքի դպրոցների, մանկապարտեզների, գրադարանների և այլ պետական հաստատությունների աշխատակիցները կոնկրետ «հրահանգ» են ստացել, որ վաղը՝ Թբիլիսիում պարտադիր պետք է մասնակցեն հանրահավաքին։

Հատկանշական է, որ եղանակային այս պայմաններում գյուղացին միայն մտածում է բերքը հողից հանելու և պահեստ հասցնելու մասին: Բնականաբար, մարդիկ ինքնակամ չեն պատրաստվում գնալ Թբիլիսի, բայց վերևներից հրահանգ է իջել, որ մեկ օրը ոչինչ չի փոխի:

Հետաքրքրական է, որ տարբեր դպրոցների տարբեր թիվ է ներկայացվել՝ երկու, հինգ մինչև ինը հոգի: Ախալքալաքից հանրահավաքին պետք է մասնակցի 1000-ից ավելի մարդ, իսկ ընդհանուր Թբիլիսիում՝ 100 000:

Այստեղ տեղին է շեշտել, որ Ախալքալաքում կորոնավիրուսային հիվանդության գագաթնակետն է, ամեն 5-րդ մարդը հիվանդ է:

Ինչպես հայտնում է newsgeorgia.ge կայքը, երեկ լրագրողներին տված հարցազրույցում Ղարիբաշվիլին նշել է, որ հոկտեմբերի 27-ին Ազատության հրապարակում կայանալիք հանդիպումը պատասխան չէ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հանրահավաքին, որը հոկտեմբերի 14-ին նույն վայրում է կայացել, որին եղել է մոտ 50 հազար մարդ՝ պահանջելով, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումը։

«Պատասխան ցույց չէ, ոչ մի դեպքում։ Սա ընդհանուր խաղաղ ակցիա է։ Մենք պետք է ևս մեկ անգամ հիշեցնենք մեր քաղաքացիներին, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, կայունություն և զարգացում»,- հայտարարել է երկրի վարչապետը:

Ընդգծենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանի 20 քաղաքներում տեղի կունենա քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլը, իսկ 42 շրջաններում՝ սակրեբուլոյի պատգամավորների ընտրություն։