Նինոծմինդայի հիվանդանոցում COVID-19-ից մահացել է մեկ բուժառու, ևս երեքը ծանր վիճակում են: Երեկ Նինոծմինդայի COVID-կլինիկայում կորոնավիրուսից մահացել է առաջին հիվանդը: Եվս երեքը ծանր վիճակում են գտնվում, որոնցից մեկը միացված է ԹԱՕ սարքին:
Ասպինձայից 65-ամյա հիվանդը մահացել է՝ մինչ ռեանիմոբիլի ժամանումը:
«Նա Ասպինձայից էր, ուներ քրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ: Այդ օրն ամեն ինչին ավելացավ նաև սրտամկանի ինֆարկտը: Կանչեցինք ռեանիմոբիլ, բայց, ցավոք, չհասցրեցինք ուղղորդել, նա մահացավ մինչ ռեանիմոբիլի ժամանումը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք պատվաստված եղել է, թե ոչ, ապա ես չգիտեմ: Այս պահին մեր հիվանդանոցում դեռևս մնում է կորոնավիրուսով վարակված ևս 3 ծանր պացիենտ: Նրանցից մեկը միացված է ԹԱՕ սարքին», – ասաց Նինոծմինդայի COVID-կլինիկայի մենեջեր Նատո Իրեմաձեն:
Այս պահին Նինոծմինդայի COVID-կլինիկայում բուժում է ստանում 23 պացիենտ: Հիվանդանոցում կան ոչ միայն բուժառուներ Նինոծմինդայից, այլև՝ Բորժոմիից, Ասպինձայից, Ախալքալաքից և Ծալկայից:
Նատո Իրեմաձեի խոսքով՝ հիվանդների համար բավականաչափ դեղորայք և հիվանդատեղեր կան, հիվանդանոցը կարող է տեղավորել կորոնավիրուսով վարակված 30 պացիենտի:
Նշենք, որ Նինոծմինդա քաղաքի կլինիկան անցյալ տարվա նոյեմբերից ժամանակավորապես վերափոխվել է COVID-19-ի և թոքաբորբով հիվանդների համար վարակիչ հիվանդանոցի, քանի որ հանրապետության այլ կորոնավիրուսային կլինիկաներում տեղերը չէին բավարարում: