Վրաստանից սեզոնային աշխատողները, որոնք Գերմանիայում աշխատում էին պետական ծրագրով, դատարան են դիմել՝ վատ աշխատանքային պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆորմուլա» հեռուստաալիքը:

Ծրագրի 11 շահառուներ կոլեկտիվ հայց են ներկայացրել վրացական դատարան: Հայցվորները պնդում են, որ Զբաղվածության խթանման պետական գործակալությունն իրենց ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել ծրագրի պայմանների վերաբերյալ: Այժմ նրանք պահանջում են բարոյական և նյութական վնասի փոխհատուցում:

«Մենք պիտի ամեն ինչի համար վճարեինք՝ մինչև վերջին կոպեկը… Մեզ տոմսեր գնելու անհրաժեշտության մասին տեղեկացրեցին մեկնելուց երկու օր առաջ: Ես հաշվեցի իմ ծախսերը, իմ պարտքը [կազմել էր] 1100 եվրո է: Պարտքով գումար վերցրեցի, որ գնամ, հետո նորից պարտք արեցի, որ վերադառնամ: Ես ինձ խաբված եմ զգում… Ես ուզում եմ, որ ինձ փոխհատուցեն այն ամենը, ինչ ծախսել եմ և այն, ինչ պետք է բերեի», – լրագրողներին ասել է հայցվորներից մեկը:

Վրաստանի քաղաքացիների առաջին հոսքը Գերմանիա սեզոնային աշխատանքի էր մեկնել ապրիլի կեսերին: Ընդամենը մեկ ամիս հետո Վրաստանի արհմիությունների ասոցիացիան հայտնեց իրավունքների խախտման և մեր հայրենակիցների ծանր պայմանների մասին: Գերմանիայի Աշխատանքի և սոցիալական հարցերի դաշնային նախարարությունը խոստացել էր արձագանք տալ խնդրին և Վրաստանի քաղաքացիների աշխատանքային պայմանները համապատասխանեցնել գործող չափանիշներին: Այդուհանդերձ, սեզոնային աշխատողների դժգոհությունները կրկին շարունակվում էին, և նրանցից շատերը մանրամասն պատմում էին խնդիրների մասին վրացական լրատվամիջոցներին տրված մեկնաբանություններում:

Արդեն հունիսի վերջին շահառուներից շատերը վերադարձան հայրենիք: Նրանք իրենց որոշումը բացատրում էին գործատուի կողմից սահմանված աշխատավարձի չվճարմամբ և պայմանագրի պայմանների այլ խախտումներով:

Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանքի մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2020 թվականի հունվարի 17-ին: Խոսքը տարբեր սեզոններին մեկից երեք ամսվա ընթացքում բերքահավաքի մասին է: Վրաստանի քաղաքացիները պետք է պայմանագրով աշխատեն շաբաթական հինգից վեց օր՝ օրական 8-10 ժամ տևողությամբ, մեկ ժամի դիմաց 9,5 եվրո աշխատավարձով (առանց հարկավճարի, սննդի և բնակության ծախսերի):

Պայմանագրով աշխատող քաղաքացիների ապրելավայրը պետք է լինի աշխատավայրին մոտ, և աշխատավայր հասնելու արժեքը չպետք է գերազանցի օրական 6-15 եվրոն: Ապահովագրությունն ամբողջությամբ տրամադրվում է գերմանացի գործատուների կողմից՝ լինի դա վնասվածք, կորոնավիրուս, թե այլ դեպք: