Ժողովրդագիրների կանխատեսմամբ՝ վրացիները շուտով հայտնվելու են անհետացող էթնոսների շարքում: Նյութը պատրաստել է jam-news.net-ը:
Վրացիներին կարելի է անհետացող էթնոսների ցուցակ մտցնել արդեն 50 տարուց: Ժողովրդագիրների կանխատեսումներով, 2017 թ-ին Վրաստանում բնակչությունը կսկսի նվազել, իսկ ծնելիությունը կրկնակի կկրճատվի: Պատճառն այն է, որ մայրացող կանանց թիվը այժմ շատ քիչ է:
Համեմատության համար նշենք, որ 1990-2000 թթ.-ին Վրաստանում ծնվել է ընդամենը 225 հազ. մարդ, դա կրկնակի պակաս է, քան 1980-1990 թթ.-ին: Նման պակասը հղի է բնակչությունը 1 մլն 170 հազ. մարդով նվազելու վտանգով: Վերջին մարդահամարի համաձայն, Վրաստանի բնակչությունը կազմում է 3 729 635 մարդ:
Համաշխարհային բանկի և ՄԱԿ բնակչության հիմնադրամի աջակցությամբ Վրաստանում անցկացված հետազոտության համաձայն 1990-2000 թթ.-ին սելեկտիվ աբորտների արդյունքում Վրաստանում չի ծնվել 25 հազ. աղջիկ: Մասնագետների հաշվարկով, միջինում ամեն 105 տղա նորածնին բաժին է ընկնում 100 նորածին աղջիկ: 2008-2012 թթ.-ին Վրաստանում այդ հարաբերակցությունը եղել է 112 տղա/100 աղջիկ, իսկ որոշ տվյալներով նաև՝ 128/100:
Ընտանիքներ չեն կազմվում
Ընտանիք կազմելու լավագույն տարիքը Վրաստանում բոլորովին վերջերս համարվում էր 25 տարեկանը կանանց համար, 27-28 տարեկանը՝ տղամարդկանց համար: Սակայն վերջին տարիներին նկատվում է ավելի ուշ ամուսնանալու միտում՝ 35 տարեկանին մոտ հասակում: Ներկայիս 20-ամյա երիտասարդները ընդհանուր առմամբ շատ ավելի նպատակասլաց են և ձգտում են կարիերա անել, քան նրանց ծնողները: Սակայն 35 տարեկանում որոշում ընդունելուն վերաբերվում ես պակաս տարերայնորեն, քան 20 տարեկանում:
Կասկածները, փաստարկները ծանրութեթև անելը, անվճռականությունը երբեմն երկար ժամանակով հետաձգում են ամուսնությունը, իսկ երբեմն նույնիսկ՝ չեղարկում: Բացի այդ, վերջին տարիներին Վրաստանում մեծապես փոխվել են սոցիալական դերերը: Օրինակ, կանայք էլ հնազանդ տնային տնտեսուհիներ չեն, ինչպես նրանց սովոր էին տեսնել տղամարդիկ: Այնքան էլ պարզ չէ, թե ինչպես ընտանիք կազմել այդ նոր անկախ ու պահանջկոտ կնոջ հետ:
Խնդիրը հասկանալու հարցում ադեկվատության պակաս կա
Իլիայի պետական համալսարանին կից Ժողովրդագրության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ավթանդիլ Սուլաբերիձեն ներկայիս ժողովրդագրական անվտանգության հայեցակարգի հեղինակներից մեկն է: Այսինքն՝ վրացական ժողովրդագարական քաղաքականության հարցում վեջին մարդը չէ: Նրա կարծիքով, երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված նախագծերն աջակցում են միայն նրանց, ովքեր արդեն որոշել են ավելի շատ երեխա ունենալ, իսկ վրացական ընտանիքների հիմնական զանգվածի վրա ոչ մի ազդեցություն չեն գործում: Սուլաբերիձեի կարծիքով, Վրաստանը պետք է աշխատի բազմազավակ ընտանիքի կերպարը տարածելու վրա, որը վաղուց անհետացել է վրացական մշակույթից:
Ժողովրդագրության ինստիտուտի տնօրենը հպարտությամբ է նշում, որ մի քանի տարի առաջ հենց նա է Պատրիարքին առաջարկել երրորդ երեխային կնքելու նախաձեռնությունը: Այդ նախաձեռնության համաձայն, Պատրիարք Իլիա Երկրորդը դառնում է Վրաստանում օրինական ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի կնքահայրը: Զարմանալի է, բայց այդ նախաձեռնությունը բավականին արդյունավետ եղավ:
2007 թ-ին երրորդ երեխաների քանակը կազմել է ծնված երեխաների ընդհանուր թվի 10 տոկոսը, իսկ այժմ կազմում է 18,5 տոկոս: «Առաջարկում եմ երեխաների հետ աշխատել վաղ հասակից: Նրանց ենթագիտակցությունում ներդնել բազմազավակ ընտանիք կազմելու անհրաժեշտության մասին տեղեկատվությունը, – ասում է Սուլաբերիձեն: – Պատկերացրեք՝ մաթեմատիկայի դաս է: Կարելի է չէ անշունչ առարկաների փոխարեն գումարել և հանել աղջիկների և տղաների: Պարտադիր է երեխաներին դաստիարակել այն հեքիաթների վրա, որտեղ շատ եղբայրներ և քույրեր կան: Մի խոսքով, այդ ամենի հիմքը պետք է դնել զարգացման վաղ շրջանում: Երեխաների հետ պետք է աշխատել ընտանիքներում և դպրոցներում: Միայն այդ դեպքում մենք արդյունք կունենանք: Մնացածը երկրորդական միջոցներ են»:
Պետական նախաձեռնությունների պակաս կա
Բարեբախտաբար, երեխաներին բազմազավակությամբ զոմբիացնելը միակ միջոցը չէ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար: 2013թ-ի հուլիսին ժողովրդագրական կարիքների համար Վրաստանի պետական բյուջեից ավելի քան 200 մլն լարի է հատկացվել: Պետությունը սկսել է ծննդաբերությունը ֆինանսավորել 500 լարիի (215 դոլար) չափով, իսկ կեսարյան հատման դեպքում՝ 800 լարիի (345 դոլար) չափով, հղիության մոնիթորինգ է իրականացվում (բժշկին այցելելու քանակը պարզելու համար), հղիներին անվճար ֆոլաթթու է բաժանվում, անհրաժեշտության դեպքում՝ այլ դեղորայք: 2014թ. հունվարից ֆիզարձակուրդի տևողությունն ավելացել է մինչև 6 ամիս, իսկ միանվագ նպաստը՝ 400 լարիից (172 դոլար) մինչև 1000 լարի (431 դոլար): Նույն տարվա հունիսին պետությունը սկսել է ամեն երրորդ և հաջորդ երեխային 150 լարի (65 դոլար) տալ, իսկ լեռնային տեղանքում՝ 200 լարի (86 դոլար): Պետության հոգատարությունն ամեն երրորդ և հաջորդ երեխայի հանդեպ գովելի է, բայց մի քիչ զարմանալի է, որ նա չի մտահոգվում ընտանիքի մնացած երկու երեխաների մասին.
Հոդվածի հեղինակ՝ Եկատերինա Մինասյան, Թբիլիսի
Լուսանկարները՝ Աղունիկ Այվազյանի, Ախալքալաք