Վրաստանի ալերգիայի և իմունիզացիայի կենտրոնի փորձագետ, բժիշկ Բիձինա Կուլումբեգովը պատասխանել է պատվաստմանը վերաբերող հաճախ տրվող հարցերին:
Ալերգաբան-իմունաբան Բիձինա Կուլումբեգովն ակտիվորեն մասնակցում է զանգվածային պատվաստման գործընթացին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ նա մեկնում է Վրաստանի տարբեր շրջաններ, որտեղ պարզաբանում է պատվաստման հետ կապված հարցերը:
Օրերս Կուլումբեգովը գործընկերների հետ այցելել էր Զուգդիդի և հանդիպում անցկացրել տեղի դպրոցների ուսուցիչների հետ, որից հետո նրանց 100%-ը պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ:
Ֆեյսբուքյան իր էջում Կուլումբեգովը հակիրճ առաջարկություններ է գրել պատվաստվող անձանց համար.
Պատվաստումից առաջ և հետո լվացվելը պարտադիր է:
Պատվաստումից առաջ և հետո ուտելը թույլատրվում է:
Պատվաստումից առաջ և հետո ալկոհոլ խմելը թույլատրվում է (չափավոր, այսինքն՝ 2-3 բաժակ):
Բոտոքսը ոչ մի կապ չունի պատվաստման հետ:
Հարկավոր չէ դադարեցնել հակադեպրեսանտների և սթրեսի դեմ դեղամիջոցների ընդունումը պատվաստումից առաջ:
Պատասխանելով հարցերին, բժիշկը նաև նշում է, որ պատվաստումից հետո կարելի է սովորականի պես այցելել ատամնաբուժարան:
Մասնագետը նաև խորհուրդ չի տալիս կանանց չեղարկել պատվաստումը՝ այն պատճառով, որ այդ ժամանակը համընկնում է դաշտանային շրջանի հետ:
Կուլումբեգովը պատասխանել է շատերին հետաքրքրող այն հարցին, թե որքան ժամանակ հետո կարելի է պատվաստվել կորոնավիրուսով վարակվելուց հետո: Նրա խոսքով՝ պատվաստվել կարելի է վիրուսի հաստատման օրվանից 30 օր հետո:
Մասնագետը ընդգծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ լրացուցիչ բժշկական հետազոտություններ (անալիզներ) չեն պահանջվում.
Կարիք չկա հանձնել արյան ընդհանուր անալիզ:
Կոագուլոգրամմա պետք չէ:
Կարիք չկա D-dimer-ի անալիզ հանձնել:
Նա նաև հիշեցնում է, որ Վրաստանում 16 տարեկանից հնարավոր է պատվաստվել Pfaizer պատվաստանյութով, 18 տարեկանից` չինական Sinopharm/Sinovac դեղամիջոցներով, 45 տարեկանից` AstraZeneca պատվաստանյութով:
Ինչ վերաբերում է այլ վարակների դեմ պատվաստումներին, այլ հիվանդության դեմ պատվաստումից հետո պետք է սպասել 14 օր, և միայն հետո պատվաստվել COVID-19-ի դեմ:
Միևնույն ժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո, անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի հնարավոր է պատվաստվել կատաղության և փայտացումի դեմ: