Այս տարի, Ախալքալաքից 16 և 17 տարեկան երկու աղջիկներ՝ Աղասարյան Մարիան և Յանդյան Երանուհին, FLEX ծրագրով մեկնում են ԱՄՆ: Այս պահին երկու աղջիկներն էլ, ըստ ծրագրի նոր կանոնների, գտնվում են տանը՝ մեկուսացման մեջ, մինչև ԱՄՆ մեկնելը՝ օգոստոսի 18-ը, նրանք ինքնամեկուսացման մեջ կլինեն:

Վրաստանից աշակերտները, այդ թվում՝ Ջավախքից 4 աշակերտ, ովքեր ուսման նպատակով ԱՄՆ էին մեկնել FLEX ծրագրով, վաղաժամ հետ էին վերադարձել հայրենիք՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:

Այնուամենայնիվ, ծրագիրը դադարեցված չէ, այն պարզապես շարունակվում է որոշ փոփոխություններով: Օրինակ՝ պայմաններից մեկն է, որ մասնակիցները պիտի տանը մնան մեկուսացման մեջ, որպեսզի նրանք ոչ մեկի հետ չշփվեն՝ նվազագույնի հասցնելու համար կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Նորամուծություն է նաև այն, որ ծնողներից վերցրել են աշակերտներին պատվաստելու թույլտվություն: Ե՛վ Մարիա Աղասարյանը, և՛ Երանուհի Յանդյանը համաձայն են պատվաստվել, քանի որ նրանք կարծում են, որ այս կերպ պետք է ձևավորվի կոլեկտիվ իմունիտետ՝ համավարակը հաղթահարելու համար:

16-ամյա Մարիա Աղասարյանն Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցի աշակերտուհի է: Մի քանի տարի առաջ նա այս ծրագրի մասին իմացել էր այլ ֆլեքսցիներից: Նա մոտիվացվել էր այն բանից, թե ինչպես են փոխվել այս ծրագրի շահառուները:

«Նրանք վերադառնում են բոլորովին այլ մարդ դարձած, կարելի է ասել, այլ մտածելակերպով, այլ հայացքներով, և դա ինձ ոգեշնչեց այս ծրագրին մասնակցելու համար: Եվ ահա, առաջին անգամ հայտ ներկայացրեցի, ի դեպ, ես առաջին անգամից անցա, մինչ այդ ես չէի դիմել: Մենք ունեինք նախապատրաստական դասեր, դրանք կոչվում են PDO (Pre departure orientation), ավելի քան մեկ ամիս մեզ սովորեցնում էին այն ամենը, ինչին մենք կհանդիպենք Ամերիկայում: Արժեքների, մարդկանց, և ընդհանրապես, Միացյալ Նահանգների և այնտեղի մտածելակերպի մասին: Թռիչքը օգոստոսի 18-ին է», – պատմում է նա:

Մարիան իրեն համարում է շատ ինքնուրույն և չի անհանգստանում այն առումով, որ ստիպված է լինելու մի ամբողջ տարի ապրել ծնողներից և տնից հեռու:

«Իրականում ես շատ ուրախ եմ, իմ մանկության երազանքը կատարվեց: Սրանք աննկարագրելի հույզեր են: Ես չեմ վախենում առանց ծնողների մեկնել օտար երկիր, քանի որ, որքան էլ տարօրինակ հնչի, ես գիտեմ իմ բնավորությունը, գիտեմ ինչպիսի մարդ եմ ես, և ծնողներս նույնպես վստահ են ինձ վրա: Կարծում եմ, որ խնդիրներ չեն լինի»:

Մարիան արդեն ծանոթացել է այն ընտանիքին, որի հետ պիտի ապրի ամբողջ մեկ տարի:

«Նախ, ես ուզում եմ իրագործել ծրագրի նպատակը: Ես շատ բան եմ ուզում պատմել իմ երկրի մասին: Քանի որ շատերը չգիտեն Վրաստանի գոյության մասին: Շատերը կարծում են, որ սա Ջորջիա նահանգն է: Իմ երազանքներից է տեսնել Նյու Յորքը, ինչ-որ նոր բան բացահայտել, շատ եմ ցանկանում կամավորությամբ զբաղվել, փորձել ինձ նոր սպորտաձևերում, շատ քաղաքներում լինել: Ես պիտի ապրեմ Միսսուրի նահանգում, Կանզաս Սիթիից ոչ հեռու՝ Մերիվիլում, Կանզասից մոտ 30-40 րոպե հեռավորության վրա է: Արդեն ծանոթ եմ իմ հյուրընկալ ընտանիքի հետ, մենք տեսազանգ ենք ունեցել: Ես ունեմ հոսթ-մայր և հոսթ-հայր և երկու եղբայր՝ կրտսերը 8 տարեկան է, մեծը` 20»:

Մարիան նախընտրական 3 փուլ է անցել:

«Անգլերենի իմացությունը կարևոր է, բայց խոսակցական մակարդակով՝ ազատորեն շփվելու համար, բայց հոգեբանական հարցերը մեծ նշանակություն ունեին՝ հոգեբանական մակարդակով, այսինքն՝ կկարողանա՞նք մենք, եթե Ամերիկա գնանք, մեկ տարի մնալ այնտեղ… Կյանքին վերաբերող հարցերը, և դրան ավելի շատ ուշադրություն էր դարձվում, քան անգլերենի իմացությանը», – Jnews-ի հետ զրույցում ասում է նա:

Մարիան իրեն համարում է բավականին ակտիվ մարդ, նա զբաղվում է ամեն ինչով, ինչ իրեն դուր է գալիս, գավառական քաղաքի պայմաններում: Նա դասական երաժշտության փառատոնների դափնեկիր է:

«Ես 6 տարի շարունակ հաճախել եմ երաժշտական դպրոց, մասնակցել տարբեր միջազգային մրցումների, հանրապետական մրցույթների: Կարող եմ ասել, որ երաժշտությունն իմ կյանքն է, հոբբին: Ես սիրում եմ դաշնամուր նվագել: Բացի այդ, ես սիրում եմ նկարել, ես գնացել եմ վրացական պարերի, լողի: Կարծում եմ սպորտը իմ կյանքի անբաժանելի և շատ կարևոր մասն է: Ինչ վերաբերում է բոլոր այն ակտիվություններին, որոնցով ես զբաղվում եմ, ապա ես կարող եմ դրանցով նաև այնտեղ զբաղվել, բայց ավելի շատ կցանկանայի ուշադրությունս հատկացնել ինչ-որ նոր բանի»:

Այն, թե ինչ է նրան սպասում հեռավոր Ամերիկայում, Մարիան կարող է միայն կռահել: Բայց նա կարծում է, որ առաջին հերթին պետք է հարմարվել:

«Ես վստահ եմ, որ ամեն ինչ ինձ համար կլինի նոր, հետաքրքիր, և ես կփորձեմ հարմարվել նոր կյանքին: Նրանց մտածելակերպը, աշխարհայացքն ու ապրելակերպը միանշանակ տարբերվող է: Իհարկե, ես կկարոտեմ հարազատներիս: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ դա արվում է հենց ինձ համար: Ինչ մեծ փորձառություն և նոր հնարավորություններ կտա այս ճանապարհորդությունը ինձ: Ի վերջո, աշակերտների միայն 4%-ն է անցնում նախընտրական փուլը, որքանով ես տեղյակ եմ, այս ծրագրին դիմել է մոտ 2000 դպրոցական, և միայն 75-80 աշակերտ է անցել: Եվ դա նույնպես խթան է հանդիսանում, ես շատ հպարտ եմ, որ այս երջանիկների թվում եմ», – ասում է նա:

Merywill

Երանուհի Յանդյանը 17 տարեկան է, նա սովորում է Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում: Երանուհու համար սա արտասահման մեկնելու առաջին փորձն է:

«Ես շատ երջանիկ մարդ եմ, բոլորին չէ, որ հնարավորություն է ընձեռվում մեկ տարի անցկացնել Ամերիկայում: Կարծում եմ առաջին տպավորությունս կլինի այսպիսին՝ «Աստված իմ, ես Ամերիկայում եմ»: Չգիտեմ ինչ է սպասվում, բայց կարծում եմ՝ սկզբում դժվար կլինի հարմարվել: Բայց կարծում եմ, որ ամեն ինչ կհաղթահարեմ, միակ բանը, որ դժվար կլինի՝ տարբերակելն է ֆունտը, մղոնը և այլն: Ամենայն հավանականությամբ, սկզբում ես շատ հուզված կլինեմ, ամեն ինչ կփորձեմ, ամեն ինչ կհարցնեմ: Հետո, ամենայն հավանականությամբ, կհամակերպվեմ և պարզապես այդ ամեն ինչից հաճույք կստանամ: Շատ հետաքրքիր կլինի ամբողջությամբ անգլերենով սովորելը, բոլոր առարկաները: Ես ընդհանրապես չեմ անհանգստանում, որ սա նոր համակարգ է, նոր ուսուցիչներ», – ասում է նա:

Երանուհին անգլերենի ուսուցչուհուց է տեղեկացել, որ նման ծրագիր կա: Նրան հաջողվել է այս ծրագրում ընդգրկվել երկրորդ փորձից:

«Առաջին անգամ փորձեցի ծրագրին մասնակցել 2 տարի առաջ: Ընդհանուր, չեն ստուգում անգլերենի իմացությունը, բայց երբ առաջին անգամ էի փորձում ուժերս, ես բավարար մակարդակով անգլերեն չգիտեի, բայց երբ մասնակցեցի երկրորդ անգամ, վստահ էի, որ ինձ մոտ անգլերենի հետ կապված խնդիրներ չեն լինի: Ես լեզուն սովորեցի դասուսույցի օգնությամբ: Հարցազրույցի ընթացքում հարցրեցին, թե ինչ նպատակներ ունեմ, ինչու եմ ուզում մեկնել ԱՄՆ: Ինչու՞ պետք է ընտրվեմ հենց ես», – պատմում է նա:

Ինչպես Ախալքալաքի մյուս դպրոցականները, ովքեր սովորել են FLEX ծրագրով, այնպես էլ Երանուհին սպասում է բոլորովին նոր բանի, նա շատ դրական և վճռական է տրամադրված:

«Ես չեմ վախենում մեկ տարի միայնակ այլ երկրում մնալուց: Կարծում եմ, որ ինձ համար հետաքրքիր կլինի, շատ նոր բաներ կփորձեմ: Կդառնամ ավելի ինքնուրույն, փորձ ձեռք կբերեմ: Կարծում եմ, որ դա կլինի ինձ համար նոր՝ ապրել ԱՄՆ-ում, նոր միջավայրում, նոր դպրոցում: Իհարկե, ես կկարոտեմ իմ ծնողներին, բայց վաղ թե ուշ ստիպված եմ լինելու գնալ սովորելու, հետևաբար այս տարին ինձ նույնպես շատ բան կտա: Հետաքրքիր կլինի ուսումնասիրել նրանց մշակույթը, իհարկե, կարևոր է նաև, որ ես կսովորեմ անգլերեն»:

Ամերիկա ասելիս առաջին միտքը, որը հղանում է Երանուհու մոտ՝ հոթ-դոգն է, ասում է նա և ծիծաղում:

Ինչպես Մարիան, Երանուհին էլ է ծանոթ իր հյուրընկալ ընտանիքի հետ և գիտի, թե որտեղ է անցկացնելու հաջորդ ուսումնական տարին:

«Ես ապրելու եմ Վաշինգտոն նահանգում, քաղաքը կոչվում է Քեննեուիկ: Մենք արդեն մի քանի անգամ զրուցել ենք իմ հյուրընկալ ընտանիքի հետ: Նրանք շատ լավ մարդիկ են: Ես հյուրընկալող ծնողներ ունեմ և նրանք ունեն 4 երեխա: Միայն ավագ քույրս է առանձին ապրում: Ինչ վերաբերում է ծնողներիս, միայն մայրիկս է փոքր-ինչ անհանգստանում, որ պիտի ապրեմ տնից հեռու, բայց ընդհանուր առմամբ ծնողներս ուրախ են ինձ համար և աջակցում են ինձ»:

Նա արդեն հետաքրքրվում է այն վայրերով, որոնք ծրագրում է այցելել: Նա երազում է լինել Նյու Յորքում:

«Որքանով, որ ես տեղյակ եմ, ծրագրվում են ճանապարհորդություններ: Ես ինքս շատ եմ ուզում, բայց տեսնենք ինչպես կստացվի: Հիմա ես ուսումնասիրում եմ Վաշինգտոն նահանգի հետաքրքիր վայրերը: Ես շատ կցանկանայի այցելել Սիեթլ, բայց կցանկանայի նաև այցելել, ասենք, Նյու Յորք: Ես ուզում եմ լինել այդ վայրերում, բայց ոչ ապրել: Ես ուզում եմ ապրել Վրաստանում», – ասում է նա:

Երանուհին բնավորությամբ հանգիստ է, դատող, իր հետաքրքրությունների շարքում է ընթերցանությունը և շատ ավելին:

«Ես սիրում եմ արվեստը և, միևնույն ժամանակ, սիրում եմ կարդալ արվեստի մասին: Առհասարակ՝ սիրում եմ կարդալ: Իմ ամենասիրած հեղինակը Ալեքսեյ Պեխովն է, ռուս գրող, որը ստեղծագործում է ֆանտաստիկա ժանրում: Ես սիրում եմ ֆանտաստիկա ժանրը: Ես ինքս նկարում եմ, հաճախում եմ արվեստի դպրոց: Ես հետաքրքրված էի նաև ռոբոտաշինությամբ՝ հաճախում էի «ԱրՄաթ»: Ես սիրում եմ արվեստը, բայց դա հոբբի է: Ես շատ ինքնաքննադատ եմ: Ազատ ժամանակս անցկացնում եմ տարբեր կերպ: Գիրք եմ կարդում, ֆիլմեր դիտում, երբեմն ընկերներիս հետ զբոսնում: Ախալքալաքում ձանձրալի կլինի, թե ոչ՝ մարդուց է կախված է: Եթե մարդ հետաքրքրություններ ունի, նա այստեղ ապրելով չի ձանձրանա»:

Kenwik

FLEX ծրագրով ընտրված ախալքալաքցի դպրոցականները մտածում են իրենց կյանքում առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին, չէ՞ որ ախալքալաքցիները հեռավոր Ամերիկայի մասին պատկերացում ունեն հոլիվուդյան ֆիլմերից: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է:

Մեկ տարի անց նրանք վերադառնում են որոշակի գաղափարներով ու մտքերով՝ իրականություն դարձնելով իրենց «ամերիկյան երազանքը»: Նրանք ավելի վստահ կլինեն իրենց և իրենց ուժերի վրա, ինչը կօգնի իրականացնել իրենց երազանքներն ու հնարավորությունները: