Երբեմնի բնակավայր Աբլարը այսօր ոչ միայն Ախալքալաքի և հարակից գյուղերի համար ջրամատակարարման աղբյուր է, այլ նաև հանգստավայր և ուխտատեղի։
Նեղ ու խորդուբորդ ճանապարհ, լարված մթնոլորտ ավտոմեքենայի մեջ, սակայն նշանակման վայրը արժեր դրան: Ընդարձակ տեղանք, կիսավեր եկեղեցի, սար, բլուր, հովիտ, կիրճ ու գետ՝ այս ամենը ընդամենը մի հայացքի ներքո:
Աբլարը գտնվում է Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից ոչ շատ հեռու, գրավոր աղբյուրներում միջնադարյան գյուղի մասին հիշատակություններից մեկը վերաբերում է 1595թ՝ որպես ռայաներից ազատ և 2500 աչկե հարկ մուծող գյուղ։ Տեղացիները պատմելով տարածքի մասին առաջնայինը շեշտում են ջրառատությունը և այն փաստը, որ նախկինում Կուլիկամում Աբլարի աղբյուրների ջրով 17 ջրաղաց է գործել, որոնցից այսօր մնացել է մեկը։
Ամռանը այստեղ միշտ աշխույժ է: Մարդիկ գալիս են հանգստանալու, մոմ վառելու և Աբլարի սառը ջուրը խմելու:
«Մեր մեծերը խոսելով Աբլարի աղբյուրների մասին ասում էին` այս ջուրը հալած յուղը կսառեցնի»,- ասաց Կուլիկամ գյուղի բնակիչ 90 ամյա Եսակ Մկոյանը:
Նախկինում Աբլարը հայտնի է եղել նաև կարմրախայտ ձկնատեսակով և մարդիկ հատուկ ձուկ բռնելու համար գնում էին այնտեղ:
«Աբլարի ջուրը և՛ սառն է, և՛ շատ օգտակար, թեկուզ միայն Աբլարի ջուրը խմելու համար արժի այնտեղ գնալ: Նախկինում այդտեղից ձուկ էին բռնում, բայց հիմա տեղացիները արգելում են ձկնատեսակի վերացումից խուսափելու համար: Կուլիկամցիները մի անգամ նկատել էին, որ մեկը ձուկ է բռնել, նրան ստիպել են փոխարենը փոքր ձկներ լցնել ջուրը(մալյոկ)»,- ասաց Սալվի Մարաբյանը, ով հաճախակի ընտանիքի հետ գնում է Աբլար:
Այցելուների համար ուշագրավ է ոչ միայն սառնորակ ջրերը, որոնք տեղացիները անվանում են «Գեզա», այլ նաև Սուրբ Ելենա կիսավեր եկեղեցին և քիչ հեռավորության վրա գտնվող «Յոթ եղբայր» կոչվող խաչքարերը, որոնք միայն վերջերս հայտնվեցին ծածկի տակ։
«Մենք որ փոքր էինք եկեղեցու դիմաց մեծ քար կար, մի անգամ այն բացել էին ու մենք ներս մտանք, ներսում սենյակներ կային, 3 սենյակ մտանք ու հետ եկանք, հետո մի ամիս էլ չտևեց փոսը փակեցին, երևի հնարավոր վտանգներից խուսափելու համար: Եկեղեցու կողքը գերեզմանաքարեր կան»,- ասաց Սալվի Մարաբյանը:
Աբլարի տարածքում խորհրդային միության ժամանակաշրջանում անցկացվել են զորավարժություններ և այսօր էլ տեղանքում պահպանվել է զինվորական գետնանցումները, որոնք մի ժամանակ տեղի հնձվորների ու խոտ հավաքողների համար ծառայել են որպես անձրևից պաշտպանվելու հանգրվան:
«Առաջ զինվորականները ոչ մեկի ներս չէին թողնում, բայց մեկ-մեկ խոտ հավաքելուց որ անձրև էր գալիս, թողնում էին ներս մտնելու, բայց դեպի ներս ավելի խորքը չէին թողնում»,- ասաց Կուլիկամի բնակիչ Շողիկ Մելքոնյանը:
Կուլիկամ գյուղի տարեցները Աբլարի մասին պատմում են իրենց նախնիներից իմացածը, իսկ ամենահետաքրքիր պատմությունն այն է, որ շատ տարիներ առաջ երեխաները Աբլարում խաղալիս հանդիպել են անծանոթ մարդկանց, նրանք այնտեղ խաղացող աղջիկներից մեկից վերցրել են անսովոր տեսք ունեցող քարը, բացել այն և դրա միջից ոսկի են հանել։ Թե որքանո՞վ է ճշմարիտ այս պատմությունը պարզ չէ, սակայն գյուղի տարեցները, այս մասին խոսելիս հստակ նշում էին այնտեղ խաղացող մարդկանց անունները և ասում, որ չգիտեն որքանով է ճիշտ քարի միջից ոսկի հանելու պատմությունը, բայց որ անծանոթ մարդիկ եկել և ինչ-որ բաներ են տարել դա փաստ է։
Այնուամենայնիվ Աբլարը այցելուներին գրավում է ոչ միայն ամռան ամիսներին, այլ նաև ձմռանը, հատկապես արկածախնդիր և էքստրեմալ հանգիստ նախընտրողներին։
Ջուլիետա Տոնականյան