Վաշինգտոնը կարծում է, որ Վրաստանը քաղաքական ճգնաժամի վերադառնալու ռիսկ ունի՝ իշխող թիմի Միշելի համաձայնագրից դուրս գալու որոշումից հետո: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Twitter-ում հրապարակած գրառման մեջ:
«Ապրիլի 19-ի համաձայնագրից «Վրացական երազանք» կուսակցության դուրս գալը խարխլում է անհրաժեշտ բարեփոխումների միջոցով երկրի առաջընթացի համաձայնեցված ուղին և քաղաքական ճգնաժամի ռիսկ է առաջացնում: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միասին աշխատել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման առաջմղման համար», – ասված է հայտարարության մեջ:
Նախօրեին «Վրացական երազանքը» հայտարարել էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ապրիլի 19-ին ընդդիմության մի մասի հետ ստորագրված քաղաքական համաձայնագրից դուրս գալու մասին: Այսպիսով, Վրաստանի իշխանությունները հրաժարվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել այն դեպքում, եթե այս աշնանը՝ ՏԻՄ ընտրություններում, իշխող կուսակցությունը 43 տոկոս չհավաքի:
Խոսելով պայմանագրից դուրս գալու պատճառների մասին՝ Երազանքից հայտնել են, որ մինչ այժմ փաստաթուղթը չի ստորագրել ընդդիմադիր պատգամավորների կեսից ավելին, այդ թվում՝ երկրի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժում»-ը, սակայն միջազգային գործընկերները թողնում են այս փաստն առանց արձագանքի:
Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք»-ում ընդգծել են, որ համաձայնագրի հիմնական պահանջները կատարված են՝ ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի համասեփականատեր Գիորգի Ռուրուան և «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան ազատ են արձակվել բանտից, իսկ երկրում սկսվել են լայնածավալ բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ «Վրացական երազանք»-ում կարծում են, որ նախաձեռնման պահից 100 օր հետո համաձայնագիրը «կատարել է իր առաքելությունը և սպառել իրեն»: