Jnews-ը հայ-վրացական հարաբերությունների, համագործակցության մեջ պայմանավորվածությունների ու խոչընդոտների և շատ ավելիի մասին զրուցել է փորձագետ քաղաքագետ, կոնֆլիկտաբան, Վրաստանի վերաինտեգրման նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ։
Ի՞նչ ոլորտներում են համագործակցում Վրաստանն ու Հայաստանը: Որքանո՞վ է նշանակալի այս համագործակցությունը
– Դա շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում, որը շատ բարդ է, բայց, այնուամենայնիվ, ավելի շատ առաջ է գնում, քան՝ հետ։ Սա նոր համատեքստ է ստեղծում Հարավային Կովկասում, և այս համատեքստում Վրաստանը վարում է պրագմատիկ և կառուցողական քաղաքականություն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ կապված։ Հարավային Կովկասում ստեղծվում են նոր իրողություններ, որոնք նախկինում չկային։ Ավելին, Հայաստանը՝ ի դեմս Փաշինյանի, արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Վրաստանի մուտքը ԵՄ կարևոր է նաև Հայաստանի համար։ Ինչքան էլ որ տեղ-տեղ տարօրինակ հնչի, մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում նոր դարաշրջանի գալուստին, որը տեղի չի ունեցել հազարավոր տարիներ։ Երեք երկրներն իրենք են որոշումներ կայացնում։ Իսկ տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրները, որոնք նախկինում վերահսկում էին իրավիճակը՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ազդում են գործընթացների վրա, բայց այլեւս չեն վերահսկում։ Ոչ թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այլ հենց հիմա է այս համատեքստը եկել։ Դրան օգնում է ուկրաինական համատեքստը։ (…) Ամեն դեպքում, Թբիլիսիի և Երևանի մշտական համագործակցությունը լրացուցիչ համոզմունքներ է ստեղծում Եվրոպայում և համաշխարհային հանրության ու տարածաշրջանի մոտ, որ Կովկասում շատ դժվար է, բայց իրականում խաղաղությունն է գալիս։ Այս խաղաղությունը երկարաժամկետ կլինի, թեև իհարկե դժվար է տրվում։
Հայաստանն ու Վրաստանն առաջին հերթին համագործակցում են տնտեսության, առևտրի, ճանապարհների ոլորտներում։ Ակնհայտ է, որ Հայաստանը շահագրգռված է բաց լինելու մեջ, թեև Հայաստանի խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված դեռ դժվար է, և բոլոր ճանապարհները, որոնք կարող են բացվել, դեռ բացված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ Ադրբեջանի հետ կապված շատ հարցեր կան Հայաստանի համար, իսկ Հայաստանի հետ կապված՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Այս ֆոնին Վրաստանը նման ճանապարհներ աջակցելու և բացելու հուսալի դաշնակիցներից է։ Որովհետև Հայաստանն ունի նաև այլ ճանապարհ՝ պատժամիջոցների տակ գտնվող Իրանը և արևելքը։ Դեպի արևմուտք՝ դեռ Վրաստանն է։ Եվ հետեւաբար, այս ուղղությամբ, որպեսզի Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքների, մարդկանց, տրանսպորտի տեղաշարժի հետ կապված խնդիրներ չլինեն, սա ամենից կարեւոր պահն է։
Վարչապետ Փաշինյանի Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը և որքանո՞վ է դա կարևոր, քանի որ կարծիքներ կան, որ այդ պայմանավորվածությունները պայմանական են, ֆասադային։
– Կարծում եմ, որ դրանք դեռ նախնական փուլեր են, այլևս այդ փաստաթղթերը նույնիսկ պայմանագրեր չեն, այլ հուշագրի տեքստեր, ցանկալիի վերաբերյալ հայտարարություններ։ Սա շարժում է ճիշտ ուղղությամբ, բայց դեռ պետք է ավելի մանրամասն ձևակերպել՝ որոշակի բովանդակալից համատեքստով: Թերևս, ես չեմ վախենա ասել՝ սա դեռ կենացների մակարդակի վրա է: Բայց դրանում վատ բան չկա: Երբ կողմերը դրական ենթատեքստ են ստանձնում, ապա պարտավորվում են իրականացնել այդ դրական համատեքստը:
Ես կասկածում եմ պաշտպանության ինչ-որ դաշինքի վրա, քանի որ Վրաստանը չունի ուժեղ բանակ, և ես անձամբ դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Մենք չունենք այդ մոլուցքը պաշտպանական արդյունաբերության նկատմամբ։ Ուստի Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության համատեքստում քիչ բան կարելի է անել, բացառությամբ հնարավոր ճանապարհների։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղ գործընթաց լինի, ռազմական գործողությունների հավանականությունը կնվազի, և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով զենք տեղափոխելը շատ ավելի հեշտ կլինի, ինչը սովորական երևույթ է, դրանում վատ բան չկա։ Ուստի կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի շատ հույս դնել տնտեսության, առևտրի, Հայաստանի և Վրաստանի միջև ճանապարհների և հաղորդակցությունների բացման վրա։ Իսկ ամենակարեւորը դեպի Եվրոպա կողմնորոշումն է։ Եթե Հայաստանն իրականում կարողանա հասնել Վրաստանի տարածքով ինչ-որ ճանապարհ գտնելու, քաղաքական ճանապարհ դեպի Բրյուսել, կարծում եմ, որ դա շատ կարևոր կլինի Կովկասի համար։ Հայաստանը նույնպես կներգրավվի թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացում, ապա՝ կմիանա ԵՄ-ին։ Եթե անգամ Հայաստանն այս գործընթացը սկսի հիմա, ես վստահ եմ, որ մոտ 10 տարի հետո կարող է հասնել Վրաստանին, և մենք նույնիսկ կարող ենք միասին անդամակցել ԵՄ-ին։ Այս մասին արդեն խոսք կա։
Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից: Ռուսաստանը Հայաստանի վրա ունի ճնշման լծակներ՝ Գյումրիում ռազմաբազայի, տնտեսական կախվածության, էներգետիկ կախվածության տեսքով, որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը կընտրի դեպի ԵՄ ճանապարհը։
– Փաշինյանին ու Հայաստանի իշխող կուսակցությանը հաճախ են ասում այս մասին, այսինքն՝ իրենք ավելի լավ գիտեն, հուսով եմ, որ իրենց տեսլականն արդարացված է։ Ես հաճախ եմ լինում Երևանում, մասնակցում տարբեր կոնֆերանսների ու քննարկումների, և այնտեղի հասարակությունը լավատես է, որ Ռուսաստանի հետ կկարողանան կոտրել այդ ձգողականությունը, որը միանշանակ կա։ Հայաստանը վերջերս պաշտոնապես միացավ ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանին։ Հայաստանը լավ աշխատաոճ ունի՝ աշխատել հանգիստ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիները բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին, ես դրանք հասկանում եմ, կարծում եմ, որ նա բավականին պրագմատիկ քաղաքական գործիչ է և ցանկանում է փրկել այն, ինչ կարող է փրկել։ Ռուսաստանը, իհարկե, ունի տնտեսական լծակներ և ռազմական լծակներ, բայց ամենից շատ վախենում եմ, որ Ռուսաստանը կցանկանա Հայաստանում իշխանություն փոխել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Եթե դա տեղի ունենա, ապա իհարկե ռիսկերը կավելանան, և դեպի Եվրոպա շարժվելու հավանականությունը կթուլանա, ոչ միայն Հայաստանի համար,այլև այս հարցերը կանդրադառնան նաեւ Վրաստանի վրա։
Գործընթացներ են ընթանում նաև Հայաստանի և Թուրքիայի միջև, սա ավելի խոստումնալից է, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը դեռևս զգացմունքային մոտեցում ունի, իսկ Թուրքիան ավելի պրագմատիկ պետություն է։ Իհարկե, Թուրքիան առաջին հերթին Ադրբեջանի դաշնակիցն է, Թուրքիայի համար շատ կարևոր է Հարավային Կովկասում և դրանից դուրս կայունացման առաջատար Ֆակտոր լինելը, նա իր շահերն ունի և՛ Բալկաններում, և՛ Աֆրիկայում։ Թուրքիան այստեղ է, ուզենք թե չուզենք, սա փաստ է։ Ուստի Թուրքիայի միջոցով Հայաստանը կարող է հասնել իր որոշ շահերի պաշտպանությանը։ Թուրքիան չպետք է դեմ լինի դրան։ Ես շփումներ եմ ունեցել թուրք դիվանագետների հետ, զգում եմ, որ նրանք ունեն տրամադրություններ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարող են ավելի հուսալի և կայուն հարաբերություններ առաջանալ։
Կարծիք կա, որ Ֆրանսիան Վրաստանին ու Հայաստանին մղում է նոր պայմանավորվածությունների։
– Բուն Եվրոպայում, բացի Ֆրանսիայից, քչերին է հետաքրքրում Հարավային Կովկասի իրավիճակը։ Հետաքրքիր է հենց Բրյուսելին, ԵՄ-ին և Ֆրանսիային։ Մյուս խոշոր երկրներն այդքան էլ ներգրավված չեն: Ֆրանսիան ակնհայտորեն առանձնանում է, բայց Ֆրանսիան առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։ Զգացմունքային հարաբերություններ, ֆրանկոֆոնյան կապեր, Հայաստանը միշտ առանձնահատուկ համակրանքներ է ունեցել Ֆրանսիայի նկատմամբ։ Այս ֆոնին վրաց-հայկական հարաբերությունները կախված չեն Ֆրանսիայի ակտիվությունից։ Վրաց-հայկական հարաբերությունները միշտ հիմնված են եղել վրաց-հայկական շահերի վրա, իսկ ամենաճգնաժամային պահերին՝ 2008-ին և 2020-ին, երբ դժվարություններ կային նախ Վրաստանի, իսկ հիմա՝ Հայաստանի համար։ Մեր երկրները միշտ փորձել են կոռեկտ լինել, հարգել միմյանց, փորձել են ամեն ինչ անել, որ իրավիճակը չփչացնեն, ավելի շուտ՝ հնարավորինս աջակցել միմյանց, ինձ թվում է՝ ստացվեց, թեև կարող էր ավելի լավ լինել։ Երբեմն Հայաստանը հարցեր ուներ Վրաստանին, և մենք դա լսում էինք, բայց Վրաստանն ուներ պատասխաններ։ Ինձ թվում է՝ Հայաստանում ըմբռնումով են վերաբերվում Վրաստանին։ Հետեւաբար, այլ երկրները չեն կարող ազդել նրանց վրա։ Անգամ Ռուսաստանը չկարողացավ 2008-ի ծայրահեղ պահին ազդել Հայաստանի վրա։ Ավելի ազդեցիկ և համառ երկիր, քան Ֆրանսիան է։
Ի՞նչն է խանգարում Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների սերտացմանը
– Այն, որ Հայաստանն ու Վրաստանը գտնվում են տարբեր տնտեսական, քաղաքական ու ռազմական գոտիներում։ Հայաստանը դեռ Ռուսաստանի ուղեծրում է, ոչ միայն Ռուսաստանի, այլ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի: Հայաստանն ունի իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի կամ ԵվրԱզեՍ-ի առջև։ Վրաստանն ունի իր սեփական պարտավորությունները ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի նկատմամբ: Չնայած այն հանգամանքին, որ այս երկու դաշինքները հակասում են միմյանց, Վրաստանն ու Հայաստանը խախտում են այդ ձգողականության գծերը և գտնում շփման ընդհանուր եզրեր։ Այդ հակասությունները մենք չենք հորինել, սրանք արտաքին գործոններ են, որոնց հետ Երևանն ու Թբիլիսին պետք է հաշվի նստեն և հաղթահարեն։ Կարծում եմ՝ մենք դա արժանապատվորեն հաղթահարում ենք։ Իհարկե կարող էր ավելի լավ լինել։ Բայց չնայած այն հանգամանքին, որ մենք տարբեր ձգողականություն ունենք, մենք արժանի գործընկերներ ենք։